Գլխավոր
Ծառայություններ
Մեր թիմըԲլոգԻրավական նորություններԿապ
Վերադառնալ իրավական թարմացումներին
3 դեկտեմբերի, 2024 թ. 3 րոպե

ԻՆՉՊԻՍԻ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

ԻՆՉՊԻՍԻ՞ ԻՐԱՎԱԿԱՆ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄ Է ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄԸ

Քիչ չեն այն դեպքերը, երբ ՀՀ իրավական համակարգում գործող նորմերը ձևակերպած չեն բավարար աստիճանի հստակությամբ և կարող են հակասական ընկալումների ու տարաբնույթ մեկնաբանությունների տեղիք տալ։ Ոչ բավարար հստակություն ասելով պետք է հասկանալ, որ նորմը չի բավարարում իրավական որոշակիության պահանջներին, այսինքն՝ չունի այն ճշգրտությունը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը և վերջիններս չեն կարողանում կանխատեսել այն հետևանքները, որոնք կարող են առաջացնել իրենց այս կամ այն գործողությունից կամ անգործությունից։

Այդպիսի ոչ հստակ իրավադրույթների իմաստի հստակեցման և դրանց կիրառման ոլորտում ծագած հարցերի պարզման համար օրենսդիրը ներդրել է պաշտոնական պարզաբանման ինստիտուտը։ Այս գործիքակազմի միջոցով ֆիզիկական և իրավաբանական անձինք պետական մարմիններից կարող են ստանալ պաշտոնական պարզաբանում այն հարցերի շուրջ, որոնց ոչ բավարար հստակությունը կաշկանդում է նրանց այս կամ այն հարցում, և առաջնորդվել տրամադրված մեկնաբանություններին և բացատրություններին համապատասխան։

Որո՞նք են պաշտոնական պարզաբանում տրամադրող մարմինները․

Որևէ իրավական ակտի (ասենք ՀՀ հարկային օրենսգիրք) նորմերի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում են տրամադրում այդ ակտը կիրառող պետական մարմինները։ Այս մարմիններն են ՀՀ բոլոր նախարարությունները՝ յուրաքանչյուրն իր բնագավառին առնչվող հարցերով, Կադաստրի կոմիտեն, Վիճակագրական կոմիտեն, Քաղաքաշինության կոմիտեն և այլն։ Ամբողջական ցանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ ցուցակ։

Ո՞ր դեպքերում է տրամադրվում պաշտոնական պարզաբանում․

Պաշտոնական պարզաբանումը տրամադրվում է՝

  1. պարզաբանող մարմնի նախաձեռնությամբ,
  2. այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմնի միջնորդությամբ
  3. ֆիզիկական կամ իրավաբանական անձանց դիմումի հիման վրա

Մեկ հարցի շուրջ պաշտոնական պարզաբանում տրվում է միայն մեկ անգամ, բացառությամբ այն դեպքերի, երբ նախկին պարզաբանումը հետ է կանչվում։

Պետք է նկատի ունենալ, որ դատարանի կողմից գործի քննությանը վերաբերող դատավարական նորմերի (ասենք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգիրք) վերաբերյալ պաշտոնական պարզաբանում չի կարող տրամադրվել:

Պաշտոնական պարզաբանում ստանալու դիմումը

Պաշտոնական պարզաբանում ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձիք իրավասու մարմնին ներկայացնում են պաշտոնական պարզաբանում ստանալու վերաբերյալ դիմում։ Դիմումը, որպես կանոն, պետք է ունենա հետևյալ կառուցվածքը՝

  • Պարզաբանման ենթակա իրավական նորմը․ Այստեղ շարադրվում են այն նորմերը և հարցերը, որոնք ունեն պարզաբանման կարիք՝ նշելով դրանց իրավական հիմքերը, օրինակ՝ ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ հոդվածի 2-րդ կետ։
  • Սեփական շահագրգռվածությունը․ Այստեղ անհրաժեշտ է նկարագրել իրավիճակը, որի շուրջ պարզաբանում ստանալու կարիք կա՝ հիմնավորելով դիմումատուի շահագրգռվածությունը ստեղծված իրավիճակի լուծման հարցում, օրինակ՝ իրավունք ստանալ գործելու առավել բարենպաստ հարկման դաշտում։
  • Պարզաբանման իր տարբերակը․ Այստեղ պետք է ներկայացնել, թե ըստ դիմումատուի՝ ինչպես պետք է ընկալվի և մեկնաբանվի տվյալ նորմը, օրինակ՝ «{…} գտնում եմ, որ {…} աշխատանքները և ծառայությունները չեն դասվում ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածի 5-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված նորմատիվ հատկանիշների շարքին»: Այս հատվածը հատկապես կարևորվում է նրանով, որ եթե իրավասու մարմինը սահմանված ժամկետում չի տրամադրում պաշտոնական պարզաբանում, ապա դիմումատուն կարող է առաջնորդվել իր ներկայացրած պարզաբանման տարբերակով: Հետևաբար, չափազանց կարևոր է, որ դիմումատուները պարզաբանման իրենց տարբերակը ներկայացնեն շատ հստակ՝ խուսափելու հետագա տարընկալումներից, և իհարկե, իրենց համար բարենսպաստ մեկնաբանմամբ։

Ի՞նչ ժամկետներում է տրվում պաշտոնական պարզաբանումը․

Պաշտոնական պարզաբանումը տրվում է դիմումն ստանալուն հաջորդող ոչ ուշ, քան 15 աշխատանքային օրվա ընթացքում, սակայն այս ժամկետը կարող է երկարաձգվել ևս 15 աշխատանքային օրով` այդ մասին իրազեկելով դիմումատուին։ Եթե նշված ժամկետներում պաշտոնական պարզաբանում չի տրամադրվում, ապա այդ դեպքում դիմումատուն պարզաբանման ենթակա նորմի պահանջներն իրականացնելիս առաջնորդվում է պարզաբանման իր տարբերակով:

Պաշտոնական պարզաբանման իրավական նշանակությունը․

Պաշտոնական պարզաբանումը չունի պարտադիր բնույթ, սակայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների հետ հարաբերություններում անձինք իրավունք ունեն առաջնորդվելու պաշտոնական պարզաբանումով, միևնույն ժամանակ, պաշտոնական պարզաբանում տված պետական մարմինը պարտավոր է առաջնորդվել իր տված պարզաբանումով: Բոլոր դեպքերում, պարզաբանում տված պետական մարմինն իրավունք ունի հետ կանչելու իր տված պաշտոնական պարզաբանումը և այն փոխարինելու նոր պարզաբանմամբ, եթե տեղի է ունեցել հանգամանքների էական փոփոխություն։

Կապ մեզ հետ