Գլխավոր
Ծառայություններ
Մեր թիմըԲլոգԻրավական նորություններԿապ
Վերադառնալ իրավական թարմացումներին
3 դեկտեմբերի, 2024 թ. 3 րոպե

Իրավական աուդիտի (ուսումնասիրության) կարևորությունը

Իրավական աուդիտի (ուսումնասիրության) կարևորությունը

Կորպորատիվ աշխարհում իրավական աուդիտի գործիքակազմը նախադրյալներ է ստեղծում հաջող ներդրումների և ձեռքբերումների համար: Իրավական աուդիտը բիզնեսի համապարփակ գնահատումն է իրավական, և վերջինիս հետ խիստ փոխկապակցված ոլորտների տեսանկունից, որը սովորաբար իրականացվում է մինչև միաձուլման, ձեռքբերման կամ ներդրումային գործարքների կնքումը: Իրավական աուդիտի նպատակն է գնահատել  թիրախային կազմակերպության իրավական, հարկային, ֆինանսական վիճակը,  վեր հանել առկա և հնարավոր ռիսկերը ու խնդիրները, հաստատել կամ հերքել գործարքի համար էապես կարևորվող հանգամանքները, և վերջապես տրամադրրել մասնագիտական առաջարկություններ համապատասխան խնդիրների լուծման, ռիսկերի վերացման կամ նվազեցման համար։

Ի՞նչ է իրենից ներկայացնում իրավական աուդիտը

«Իրավական աուդիտ» (Due Diligence) տերմինը օգտագործվել է դեռևս 16-րդ դարում։ Իրավական և ֆինանսական տեսակետից առաջին անգամ գործածվել է ԱՄՆ-ի 1933 թվականի «Արժեթղթերի մասին» օրենքում, որտեղ սկզբում այդ գործընթացը անվանել են ողջամիտ հետաքննություն, այնուհետև սկսվել է գործածվել «Իրավական աուդիտ» հասկացությունը։

Հայաստանյան իրականությունում իրավական աուդիտի անհրաժեշտությունը հատակապես առաջանում է այն դեպքերում, երբ հարկավոր է վերլուծել որևէ ընկերության  գործունեության օրենսդրական համապատասխանությունը, առկա պարտավորությունները և այլ ռիսկերը։

Իրավական աուդիտի շրջանակներում ուսումնասիրվում են ընկերության կողմից կնքված պայմանագրերը և այլ իրավական փաստաթղթերը, գնահատվում են ընկերության ընթացիկ և նախկին դատական վեճերը, ստուգվում է օրենսդրական համապատասխանությունը, ինչպես նաև կատարվում է ընկերության ֆինանսական վիճակի վերաբերյալ վերլուծություն։ Աուդիտի հիմնական նպատակն է բացահայտել և կանխարգելել իրավական ռիսկերը, որոնք կարող են ազդել ընկերության բնականոն գործունեության և զարգացման վրա։

Իրավական ուսումնասիրության ընթացքում նախ կատարվում են վերլուծություններ, որից հետո ուսումնասիրություն կատարող անձը ներկայացնում է բացահայտված խնդիրների համար համալիր լուծումներ և առաջարկություններ։ Օրինակ, վերանայվում են ընկերության աշխատանքային պայմանագրերը՝ նպատակ հետապնդելով ապահովել պայմանագրերում առկա սխալների ուղղումը և բացթողումների լրացումը։ Աշխատանքային պայմանագրերի ուսումնասիրության ընթացքում հատկապես ուշադրություն է դարձվում պայմանագրի էական պայմաններին՝ վարձատրության չափ և վճարման կարգ, աշխատանքային պարտականությունների մանրամասն սահմանում, աշխատանքի կատարման եղանակ և այլն, ինչպես նաև ոլորտի համար կարևորվող կետերին, ասենք՝ մտավոր սեփականությանը վերաբերող դրույթներ։ Այս ամենը նպատակ ունի նվազեցնել աշխատանքային վեճերում և բողոքներում հնարավոր ռիսկերը։

Իրավական աուդիտի ընթացքում ուսումնասիրությունները և վերլուծությունները ներառում, բայց չեն սահմանափակվում հետևյալ ոլորտներով՝

  1. Կորպորատիվ (կանոնադրությունը, հիմնադիր փաստաթղթերը, ընդհանուր ժողովի որոշումները և այլ հիմնական փաստաթղթերը),
  2. Կարգավորող ոլորտ (հավաստագրերի, թույլտվությունների, լիցենզիաների և այլ փաստաթղթերի համապատասխանությունը),
  3. Մտավոր սեփականություն (արտոնագրերը, ապրանքային նշանները, հեղինակային իրավունքները և այլն),
  4. Դատական և վարչական վարույթներ (ընթացիկ կամ անցյալ դատական վեճերը, վարչական գործերը),
  5. Գործարքներ (բոլոր նշանակալի պայմանագրերը և համաձայնագրերը),
  6. Հարկային (հաշվետվությունների վերստուգում, հարկային օրենսդրույթյան համապատասխանության ռիսերի և հարկային օպտիմալացման հնարավորություններ բացահայտում),
  7. Ֆինանասկան զեկույցներ (զեկույցներում և հաշվետվություններում ֆինանսական ցուցանիշների համեմատում և հավաստիության ստուգում),
  8. Աշխատանքային (աշխատանքային պայմանարերի, հրամանների, ներքին կարգապահական կանոնների ուսումնասիրություն, աշխատանքային օրենսդրության համապատասխանություն),
  9. Անշարժ և շարժական գույք (ընկերությանը պատկանող անշարժ և շարժական գույքերի սեփականության փաստաթղթեր),
  10. Տվյալների պաշտպանություն (տվյալների պաշտպանությանը վերաբերող փաստաթղթեր, մեխանիզմներ և ընթացակարգեր),
  11. Այլ (հակակոռուպցիոն և հակահաբեկչական քաղաքականություններ, ներքին ընթացակարգեր և այլն):

Իրավական աուդիտի արդյունքները և նշանակությունը

Իրավական աուդիտի արդյունքները ներկայացվում են ընկերության ղեկավարությանը զեկույցի ձևով, որը ներառում է մանրամասն տեղեկատվություն բացահայտված խնդիրների, ռիսկերի և առաջարկվող լուծումների վերաբերյալ։

Իրավական աուդիտը թույլ է տալիս ապահովել կազմակերպության բնականոն գործունեությունը և օգնում հնարավոր գնորդին կայացնել տեղեկացված որոշում։ Դա կարևոր քայլ է ներդրման կամ ձեռքբերման հաջողությունն ու արժեքը ապահովելու համար։ Իրավական աուդիտը բացահայտում է հնարավոր ռիսկերը և պարտավորությունները, ինչը թույլ է տալիս բանակցել ավելի լավ պայմաններ գործարքի համար։ Այն կարևոր է նաև ընկերության ղեկավարության համար, որպեսզի նրանք կարողանան ժամանակին բացահայտել և լուծել իրավական խնդիրները՝ ապահովելով ընկերության կայունությունն ու զարգացումը։

Կապ մեզ հետ