Գլխավոր
Ծառայություններ
Մեր թիմըԲլոգԻրավական նորություններԿապ
Վերադառնալ իրավական թարմացումներին
3 դեկտեմբերի, 2024 թ. 5 րոպե

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԷՈՒԹՅՈՒՆԸ

Տրանսֆերային գնագոյացումը ՀՀ հարկային օրենսդրության կարևոր և անհամեմատ նոր ոլորտներից է։ Այն սահմանում է, թե ինչպես են փոխկապակցված ընկերությունները միմյանց միջև ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման, ոչ նյութական ակտիվների օտարման և միջազգային սահմաններով այլ գործարքների ֆինանսավորման համար գին որոշում: Տրանսֆերային գնագոյացման ճիշտ քաղաքականությունը թույլ է տալիս բիզնեսներին միմյանց հետ համապատասխանեցնել իրենց գործառնական և հարկային շահերը՝ պահպանելով համաշխարհային և ներպետական կանոնակարգերը:

Հարկային մարմինը վերահսկում է տրանսֆերային գների սահմանումը՝ համոզվելու համար, որ ընկերությունները շահույթը ոչ պատշաճ կերպով չեն տեղափոխում ցածր հարկային իրավասություն ունեցող երկրներ: Այս ռազմավարական գործիքի ճիշտ կիրառումը կարող է ազդել ընկերության հարկային պարտավորությունների կրճատման և գործառնական արդյունավետության բարձրացման վրա:

Ի՞նչ է տրանսֆերային գնագոյացումը:

Տրանսֆերային գնագոյացումը վերաբերում է այն գներին, որոնք միմյանց հետ փոխկապակցված ընկերությունները գանձում են իրարից ապրանքների մատակարարման, աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման և այլ գործարքների համար: Տրանսֆերային գնագոյացումը այդ գործարքների գների որոշման ընթացակարգն է: Ընդ որում, պարտադիր չէ, որ նման դեպքերում տրանսֆերային գինը անպայմանորեն էապես շեղվի շուկայականից: Գործնականում այն կարող է սահմանվել այնպես, որ մոտ լինի շուկայականին, սակայն միաժամանակ ի զորու լինի հարկային բազան հարկման բարձր դրույքաչափերի միջավայրից տեղափոխելու դեպի ցածր դրույքաչափերով ոլորտ` դրանով իսկ նվազեցնելով ընկերության հարկային համախմբված պարտավորությունները:

Օրինակ, ՀՀ-ում գործող ընկերությունը գրեթե ինքնարժեքով վաճառում է իր արտադրանքը Կիպրոսում գտնվող իր հետ փոխկապակցված ընկերությանը իրացման նպատակով, որտեղ որ շահութահարկի առավել ցածր դրույքաչափ է գործում: Այդ դեպքում, ընկերությունը վաճառքի ցածր գին սահմանելով, փաստացի, Հայաստանում նվազեցնում է իր հարկային պարտավորությունները, փոխարենը հարկվող եկամուտը տեղափոխելով իր հետ փոխկապակցված այլ կազմակերպության իրավասության երկիր՝ Կիպրոս, որտեղ վճարում է ավելի նվազ շահութահարկ:

Ո՞ր գործարքների նկատմամբ է կիրառելի տրանսֆերային գնագոյացումը:

Տրանսֆերային գնագոյացման կանոնները գործում են և վերահսկում են այն գործարքները, որտեղ փոխկապակցված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ընկերությունների միջև կնքվում են ապրանքների մատակարարման, ոչ նյութական ակտիվների օտարման, ոչ նյութական ակտիվների օգտագործման իրավունքի տրամադրման (ստացման), փոխառությունների տրամադրման (ստացման), դրամական պահանջի իրավունքի զիջման (փոխանցման), ֆինանսական ակտիվի օտարման (ձեռքբերման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքներ:

Ո՞ր դեպքում են ընկերությունները համարվում փոխկապակցված:

Փոխկապակցվածության իրավական սահմանումը կախված երկներից կարող է տարբերվել, սակայն համընդհանուր մոտեցումը այն է, որ ընկերությունները համարվում են միմյանց հետ փոխկապակցված, երբ նրանց միջև ուղղակի կամ անուղղակի կերպով առկա են վերահսկողության, միմյանց վրա ազդեցության հնարավորության և սեփականության իրավահարաբերություններ:

Փոխկապակցված ընկերությունների հարաբերությունների որոշ ընդհանուր օրինակներ ներառում են՝

  • Մայր ընկերությունը և նրա դուստր ձեռնարկությունները,
  • Միևնույն ընկերության կողմից ընդհանուր վերահսկողության տակ գտնվող ընկերությունները,
  • Ընկերությունը և նրա ներկայացուցչությունները կամ մասնաճյուղերը,
  • Ընկերություններ, որոնք ունեն ընդհանուր կամ նույն սեփականատեր/վերահսկող անհատներ:

Փոխկապակցվածության դասական սահմանումներից զատ, այդ կանոնները սահմանում են հավելյալ չափանիշներ, որոնց առկայության դեպքում ևս հարկ վճարողները համարվում են փոխկապակցված անձինք՝ տրանսֆերային գնագոյացման կանոնների կիրառության իմաստով։ Այսպես, երկու և ավելի անձինք համարվում են փոխկապակցված, եթե`

1) անձանցից մեկն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է մյուս անձի կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի մյուսի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում կամ անձը գործնականում վերահսկում է մյուս անձի գործարար որոշումները հետևյալ կերպ՝

  • անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն տիրապետում կամ վերահսկում է մյուս անձի` ձայնի իրավունք տվող բաժնային արժեթղթերի 20 և ավելի տոկոսը.
  • անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն վերահսկում է մյուս անձի գործադիր խորհրդի կամ տնօրենների խորհրդի ձևավորման (ընտրման) գործընթացը.
  • հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական եկամուտների 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս անձին ապրանքների մատակարարման, նրա համար աշխատանքների կատարման և (կամ) նրան ծառայությունների մատուցման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների օտարման գործարքներից ստացվող եկամուտների և տոկոսների.
  • հարկային տարում հարկ վճարողի ձեռնարկատիրական ծախսերի 80 տոկոսից ավելին ստացվել է մյուս անձից ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման գործարքներից, բացառությամբ գույքի վարձակալության և (կամ) անհատույց օգտագործման, ոչ նյութական ակտիվների ձեռքբերման և տոկոսների վճարման գործարքներից առաջացող ծախսերի.
  • անձինք կնքել են համատեղ գործունեության պայմանագիր, որով տվյալ հարկ վճարողն իր ակտիվների 50 տոկոսից ավելին ներդրել է համատեղ գործունեության մեջ.
  • անձինք կնքել են գույքի անհատույց օգտագործման պայմանագիր, որով անձը (փոխառուն) մեկ տարուց ավելի ժամկետով անհատույց օգտագործման իրավունքով օգտագործում է մյուս անձի (փոխատուի) գույքը, և այդ գույքի հաշվեկշռային արժեքը գերազանցում է տվյալ հարկային տարվա հունվարի 1-ի դրությամբ փոխառուի համախառն ակտիվների հաշվեկշռային արժեքի 51 տոկոսը.
  • ֆիզիկական անձն իրավաբանական անձի նկատմամբ իրականացնում է իրական (փաստացի) վերահսկողություն կամ հանդիսանում է տվյալ իրավաբանական անձի գործունեության ընդհանուր կամ ընթացիկ ղեկավարումն իրականացնող պաշտոնատար անձ:

2) միևնույն անձն ուղղակիորեն կամ անուղղակիորեն մասնակցում է երկու և ավելի անձանց կառավարմանը, վերահսկմանը կամ մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունի դրանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում:

Ինչպե՞ս են կարգավորվում տրանսֆերային գնագոյացման սկզբունքը և մեթոդները:

Տրանսֆերային գնագոյացման կանոնների հիմքում ընկած հիմնարար հայեցակարգը «պարզած ձեռքի հեռավորության» սկզբունքն է: Այս սկզբունքը պահանջում է, որ փոխկապակցված կազմակերպությունների միջև գների սահմանումը տեղի ունենա այնպես, ինչպես տեղի կունենար միմյանցից անկախ գործող և չկապակցված կողմերի միջև։ Կանոններին ենթակա գործարքների գների ձևավորման համար կիրառվում են տրանսֆերային գնագոյացման այնպիսի մեթոդներ ինչպիսիք են՝ «համադրելի չվերահսկվող գնի», «վերավաճառքի գնի», «ծախսումներ գումարած», «զուտ շահույթի», «շահույթի բաշխման» մեթոդները: Այս մեթոդներից յուրաքանչյուրին առանձին կանդրադառնանք հաջորդիվ մեր ներկայացրած հոդվածներում:

Այսպիսով, որպես օրենքի անընդհատ զարգացող ոլորտ գտնվելով հարկային մարմինների ինտենսիվ վերահսկողության ներքո, տրանսֆերային գնագոյացման մեթոդները ներկայացնում են ինչպես էական մարտահրավերներ, այնպես էլ հնարավորություններ բիզնեսների համար՝ օպտիմալացնելու իրենց հարկային պարտավորությունները: Retrieve Legal & Tax-ի ոլորտի իրավաբանները կօգնեն ձեզ պատշաճ կերպով կառուցված և մանրակրկիտ մշակված տրանսֆերային գնագոյացման քաղաքականություն վարել, որը ձեր ընկերություններին կարող է բերել գործառնական արդյունավետության և հարկերի նվազագույնի հասցնելու հնարավորություններ՝ մնալով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի չափանիշների և օրենսդրական այլ պահանջների սահմաններում: 

Կապ մեզ հետ