Home
Practice Areas
Our TeamBlogLegal UpdatesContact
Back to Blog
December 3, 2024 3 min read

Առողջությանը վերաբերող տվյալները և դրանց պաշտպանությունը

Առողջությանը վերաբերող տվյալները և դրանց պաշտպանությունը

Բոլորս էլ ամենատարբեր պատճառներով դիմել ենք բժշկական հաստատություններ բժշկական խորհրդատավություն, բուժզննում կամ բուժօգնություն ստանալու համար։ Այդ բոլոր այցերի ընթացքում բուժհաստատությունները ստանում և հավաքագրում են Ձեր վերաբերյալ անձնական և բժշկական գաղտինք համարվող տվյալները։ Այդպիսի տվյալների պաշտպանության մասին կխոսենք այս հոդվածում։

Ի՞նչ է բժշկական գաղտնիքը

Հայաստանում առողջությանը վերաբերող տվյալները անվանում են բժշկական գաղտնիք։ Ավելի կոնկրետ՝ բժշկական գաղտնիքը պացիենտի առողջական վիճակի մասին այն տվյալներն են, որոնք պարզվել են բժշկական օգնություն կամ սպասարկում իրականացնելու ընթացքում։ Պացիենտ ասելով՝ հասկանում ենք այն անձը, որը բուժօգնություն ստանալու համար դիմել է որևէ բուժհաստատություն։ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը (առավել հայտնի որպես GDPR) առողջությանը վերաբերող տվյալները սահմանում է հետևյալ կերպ. «տվյալներ, որոնք բացահայտում են անձի անցյալ, ներկա և ապագա ֆիզիկական կամ հոգևոր վիճակին վերաբերող տեղեկատվություն»։

Բժշկական գաղտնիքը պաշտպանելու միջոցները

ՀՀ-ում բժշկական գաղտնիքի պաշտպանման միջոցները նկարագրված են «բնակչության բժշկական օգնության և սպասարկմա մասին» ՀՀ օրենքում։ Միաժամանակ, «անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքում առողջական վիճակին վերաբերող տվյալները դասում է հատուկ կատեգորիայի անձնական տվյալներին։ Հատուկ կատեգորիայի անձնական տվյալներ մշակելու առանձնահատկությունը կայանում է նրանում, որ առանց անձի համաձայնության արգելվում է այդ տվյալների մշակումը, բացառությամբ, երբ տվյալի մշակումն ուղղակիորեն նախատեսված է օրենքով: Այդ իսկ պատճառով բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարելի է փոխանցել միայն պացիենտի կամ նրա ներկայացուցչի համաձայնությամբ, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով։ Առողջապահության նախարարի հրամանով սահմանվել է բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության ձևը, որը կարող եք տեսնել հետևյալ հղումով՝ Ձև։ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը առողջությանը վերաբերող տվյալները նույնպես դասում է Հատուկ կատեգորիայի անձնական տվյալների շարքին։ Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը թույլ է տալիս բացահայտել անձի առողջությանը վերաբերող տվյալները, եթե դա բխում է հանրության շահերից (օրինակ՝ համաճարակների ժամանակ) կամ հարկավոր է առողջության ընդհանուր մակարդակը բարձրացնելու համար։

Բժշկական գաղտնիք հանդիսացող տվյալների փոխանցումը առանց պացիենտի համաձայնության

Ինչպես Ընդհանուր տվյալների պաշտպանության կանոնակարգը, ՀՀ Օրենսդրությունը նույնպես թույլ է տալիս առանց անձի համաձայնության փոխանցել նրա առողջությանը վերաբերող անձնական տվյալները, եթե առկա է հանրային շահ։ Տվյալները կարող են փոխանցվել նաև այն դեպքում, եթե բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձինք՝ պացիենտին բժշկական օգնություն և սպասարկում տրամադրելու նպատակով, առանց այդ տվյալների չեն կարող պացիենտին տրամադրել բժշկական օգնություն և սպասարկում։

ՀՀ Կառավարությունը նախատեսել է բժշկական գաղտնիքի փոխանցելու հատուկ կարգ՝ հարցման միջոցով։ Օրինակ՝ Առողջապահության Նախարարությունը կարող է կատարել այդպիսի հարցում զանգվածային հիվանդությունների, թունավորումների կամ համաճարակների ժամանակ։ Քննիչը, դատախազը կամ դատարանը նույնպես կարող են ստանալ այդպիսի տվյալներ՝ իրենց վարույթային պարտականությունները կատարելիս։ Այս դեպքերում տվյալները փոխանցվում են ՀՀ կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով կամ էլեկտրոնային եղանակով։ Հնարավոր է նաև տվյալները փոխանցել թղթային եղանակով, երբ օրինակ անձը անգիտակից է և նրա առողջական տվյալները հարկավոր է փոխանցվել նրա ընտանիքի անդամներին։ Ավելին իմանալու համար կարող եք ուսումնասիրել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկմա մասին» ՀՀ օրենքը։

Տվյալներին տիրապետող անձի պարտականությունները և պատասխանատվությունը

Անձնական տվյալները հավաքագրելու և մշակելու ընթացքում մշակող անձը պարտավոր է օգտագործել տարբեր գաղտնագրման միջոցներ, որպիսի բացառվեն տեղեկատվության կորստի, ոչնչացման կամ տարածման դեպքերը։ Մշակող անձը պարտավորվում է պահպանել անձնական տվյալների գաղտնիությունը ինչպես ծառայողական պարտականությունները կատարելիս, այնպես էլ դրա ավարտից հետո։ Օրենքի խախտմամբ բժշկական գաղտնիք համարվող անձնական տվյալների փոխանցման դեպքում նախատեսված է քրեական պատասխանատվություն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի համաձայն։

Հետևե՛ք Ձեր առողջությանը և Ձեր իրավունքներին։

Contact Us
Առողջությանը վերաբերող տվյալները և դրանց պաշտպանությունը - Retrieve