Home
Practice Areas
Our TeamBlogLegal UpdatesContact
Back to Blog
December 3, 2024 4 min read

Գաղտնիության (Չբացահայտման) Համաձայնագրերի Կարևորությունը Բիզնեսների Համար

Գաղտնիության (Չբացահայտման) Համաձայնագրերի Կարևորությունը Բիզնեսների Համար

Ներկայումս բիզնեսի զարգացման ու մրցունակության պահպահնման համար խիստ կարևորություն է ստանում գաղտնի տեղեկատվության պաշտպանությունը: Գաղտնիության կամ չբացահայտման համաձայնագրերը (Non-Disclosure Agreements/NDA) կարևոր գործիք են կոնֆիդենցիալ տեղեկատվության պաշտպանության համար:

Չբացահայտման համաձայնագրերը երկու կամ ավելի կողմերի միջև կնքված պայմանագրեր են, որոնցով կողմերը իրավական պաշտպանություն են հաղորդում բացահայտվելիք տեղեկատվությանը: Այդ համաձայնագրերը սահմանում են, թե հատկապես որ տեղեկատվություն է համարվում գաղտնի, որոնք են պայմանները, որոնց համաձայն գաղտնի տեղեկատվությունը կարող է բացահայտվել, դրանց անօրինական բացահայտման համար նախատեսված պատասխանատվությունը և այլն: Գաղտնիության համաձայնագիրը իրավական հնարավորություն է ստեղծում բիզնեսի մրցակիցների կամ երրորդ անձանց հետ զգայուն և գաղտնի տեղեկատվությամբ կիսվելուց պաշտպանելու համար: ՀՀ օրենսդրության իմաստով, որպես այդպիսին գաղտնիության համաձայնագրերը առանձին նախատեսված պայմանագրի տեսակ չեն, և առանձին կարգավորումներ դրանց վերաբերյալ առկա չեն, սակայն պայմանագրի ազատության սկզբունքից ելնելով՝ որոշակի գաղտնի տեղեկատվության տիրապետող կողմերի միջև կարող են կնքվել նման համաձայնագրեր:

Ե՞րբ են անհրաժեշտ գաղտնիության համաձայնագրերը:

Ցանկացած դեպքում, երբ գաղտնի տեղեկատվություն է բացահայտվում երրորդ անձի կամ կազմակերպության, ապա գաղտնիության համաձայնագիր կնքելու անհրաժեշտություն է առաջանում: Նման համաձայնագրեր կարող են կնքվել հետևյալ դեպքերում.

– Աշխատանքային իրավահարաբերություններ. Աշխատողների՝ գաղտնի տեղեկատվությանը հասանելիության պատճառով կազմակերպության շահերից է բխում վերջիններիս հետ գաղտնիության համաձայնագրի կնքումը, դա երաշխավորում է այդ տեղեկատվության անհարկի օգտագործումից պաշտպանությունը թե՛ աշխատանքի ընթացքոմ, և թե՛ աշխատանքային իրավահարաբերությունները դադարելուց հետո:

– Հաճախորդների հետ իրավահարաբերություններ. Այն դեպքում, երբ կազմակերպության գործունեության բնույթով պայմանավորված, որևէ կոնֆիդենցիալ տեղեկատվություն կարող է հայտնի դառնալ հաճախորդներին:

– Գործընկերային հարաբերություններ. Գործընկերների կամ ներդրողների հետ բանակցությունների ընթացքում, կամ այլ դեպքերում գաղտնիության համաձայնագրերի կնքումը երաշխավորում է տրամադրված տեղեկատվության պաշտպանվածությունը:

Որո՞նք են գաղտնիության համաձայնագրերի գործառույթները:

Պաշտպանվող տեղեկատվության շրջանակների սահմանում. Գաղտնիության համաձայնագրերը, նախատեսելով, թե որ տեղեկատվությունն է գաղտնի է և ինչ պայմաններում կարող է բացահայտվել, կողմերին թույլ է տալիս ազատ աշխատել գաղտնիության համաձայնագրով նախանշված սահմաններում: Գաղտնիության համաձայնագրում, որպես գաղտնի տեղեկատվություն կարող է սահմանվել սկսած առևտրային գաղտնիքից, բիզնես ռազմավարությունից, հաճախորդների տվյալներից, ֆինանսկան տեղեկատվությունից, մինչև մտավոր սեփականության օբյեկտներ և ցանկացած այլ կոնֆիդենցիալ տեղեկատվություն, որոնց գաղտնիության պահպանման վերաբերյալ կողմերը փոխադարձ համաձայնություն ձեռք կբերեն:

Գաղտնի տեղեկատվության պաշտպանություն. Գաղտնիության համաձայնագրերի կնքումը ստեղծում է պայմանագրով նախատեսված գաղտնի պահելու իրավական պարտավորություն: Այդ տեղեկատվության ցանկացած միտումնավոր կամ կոպիտ անզուշությամբ առաջացած արտահոսքը հանդիսանում է պայմանագրի խախտում և առաջացնում է համապատասխան իրավական հետևանքներ:

Ինչու՞ են գաղտնիության համաձայնագրերը կարևոր բիզնեսի համար:

– Պաշտպանում է գաղտնի տեղեկատվությունը. Դա կարող է օգնել բիզնեսին պահպանել մրցակցային առավելություն՝ գաղտնի պահելով իր արժեքավոր տեղեկատվությունը երրորդ անձանցից:

– Կանխում է մտավոր սեփականության օբյեկտների գողությունը. Չբացահայտման համաձայնագրերը հնարավորություն են ընձեռում կանխել մտավոր սեփականության օբյեկտների գողությունը՝ անօրինական դարձնելով որևէ մեկի կողմից ընկերության մտավոր սեփականության օբյեկտների օգտագործումը կամ բացահայտումն առանց թույլտվության:

– Ձևավորում է վստահություն, օգնում ներգրավել ներդրողների. Չբացահայտման համաձայնագրերի կնքումը վստահություն է ձևավորում ընկերության նկատմամբ, քանի որ թե՛ ներդրողները, և թե՛ հաճախորդները վստահ են լինում իրենց տրամադրած տեղեկատվության գաղտնիության ապահովման հարցում:

Ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ գաղտնի տեղեկատվության անօրինական բացահայտումը:

Չբացահայտման համաձայնագրի խախտման հետևանքները կարող են տարբեր լինել՝ կախված պայմանագրի պայմաններից և բացահայտված տեղեկատվության բնույթից:

– Տուժանքի վճարում. ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմաստով տուժանքն այն գումարն է, որը պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած կողմը պարտավորվում է վճարել մյուս կողմին: Չբացահայտման համաձայնագրով կարող է նախատեսվել տուժանք տեղեկատվության ապօրինի բացահայտման համար: Նման դեպքերում պայմանագիրը խախտած կողմը անկախ վնասներ առաջանալու հանգամանքից կպարտավորվի պայմանագրով նախատեսված չափով տուժանք վճարել:

– Վնասների փոխհատուցում. Բացի պայմանագրով նախատեսված տուժանքների վճարումից, եթե տեղեկատվության բացահայտման արդյունքում վնաս է պատճառվել, ապա պարտավորությունը խախտած կողմը պարտավոր է հատուցել նյութական և ոչ նյութական վնասները, այդ թվում հատուցել այն վնասները, որոնք անձը կստանար սովորական պայմաններում, եթե նրա իրավունքը չխախտվեր (բաց թողնված օգուտ):

– Աշխատանքային իրավահարաբերությունների դադարեցում. Աշխատողների հետ չբացահայտման համաձայնագիր կնքելու դեպքում, եթե վերջիններս դեռևս գտնվում են աշխատանքային իրավահարաբերությունների մեջ, ապա աշխատողի կողմից տեղեկատվության բացահայտումը կարող է հիմք հանդիսանալ գործատուի կողմից սեփական նախաձեռնությամբ պայմանագիրը միակողմանի լուծելու համար: Բանն այն է, որ Չբացահայտման Համաձայնագրով պաշտպանված տեղեկատվությունը առևտրային գաղտնիք կարող է կազմել, իսկ առևտրային գաղտնիքի հրապարակման պարագայում գործատուն կարող է լուծել աշխատանքային պայմանագիրը աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով (ՀՀ աշխատանքային օրենսգրքի 122-րդ հոդված):

– Քրեական պատասխանատվության առաջացում. ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված դեպքերում առևտրային, ապահովագրական, բանկային և այլ բնույթի գաղտնիք կազմող տեղեկատվությունն օգտագործելը, եթե այն խոշոր չափերի գույքային վնաս է պատճառել, ապա կարող է առաջացնել քրեաիրավական հետևանքներ՝  տուգանքի նշանակումից մինչև ազատազրկում, կախված տեղեկատվության բնույթից,  և առաջացած հետևանքների վտանգավորությունից:

Այսպիսով, Չբացահայտման Համաձայնագրերը գործարար հարաբերություններում կարևոր իրավական գործիքներ են հանդիսանում: Մրցակցային ասպարեզում առաջատար մնալու հարցում Retrieve Legal & Tax-ի փորձառու իրավաբանները կօգնեն ձեզ՝ կազմել և կնքել համապարփակ Չբացահայտման Համաձայնագրեր՝ ելնելով ձեր կազմակերպության առանձնահատկություններից:

Contact Us
Գաղտնիության (Չբացահայտման) Համաձայնագրերի Կարևորությունը Բիզնեսների Համար - Retrieve