Home
Practice Areas
Our TeamBlogLegal UpdatesContact
Back to Blog
December 3, 2024 5 min read

Ի՞նչ եղանակներով է իրականացվում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը

Ի՞նչ եղանակներով է իրականացվում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը

Ներկայիս դինամիկ քաղաքացիաշրջանառության մեջ քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը առաջնային նշանակություն ունի: Քաղաքացիական իրավունքների պաշպանությունը և խախտված իրավունքների վերականգնումը իրականացվում է օրենքով նախատեսված որոշակի եղանակների միջոցով: Դրանք միջոցներն են, որոնք ապահովում են իրավունքների պատշաճ իրականացում և պաշտպանություն: Այս հոդվածի նպատակը քաղաքացիական իրավունքների պաշտպանության եղանակներից յուրաքանչյուրի  էության և գործիքակազմի բացահայտումն է:

ՀՀ-ում քաղաքացիական իրավունքների պաշտպանության հիմնական միջոցը դատարանում հայց հարուցելու միջոցով իրավունքների պաշտպանությունն է՝ հետևյալ եղանակներից որևէ մեկով.

Տուժանքի (տուգանքի, տույժի) բռնագանձում.

Տուժանքը այն դրամական գումարն է, որը պարտավորությունը չկատարած կամ անպատշաճ կատարած կողմը պարտավորվում է վճարել մյուս կողմին: Այսինքն, տուժանք վճարելու պարտականությունն առաջանում է այն դեպքում, երբ կողմերից մեկը խախտում և չի կատարում, կամ անպատշաճ է կատարում իր պարտականությունները: Տվյալ դեպքում պարտավորությունները խախտած կողմը իր հիմնական պարտականությունները կատարելուց բացի՝ պարտավորվում է նաև լրացուցիչ դրամական գումարներ վճարել մյուս կողմին:

Օրինակ, երբ որևէ ընկերություն, որի հետ ապրանքների մատակարարման պայմանագիր եք կնքել  և այդ ընկերությունը ժամանակին ապրանքները չի մատակարարում, կամ մատակարարում է անպատշաճ որակի ապրանք, ապա՝ այդ ընկերությունից կարող եք պահանջել, ոչ միայն մատակարարել պայմանագրով նախատեսված ապրանքները, այլև վճարել դրամական գումար պարտավորությունները խախտելու համար:

Վնասների հատուցումը.

Վնասները կարող են դրսևորվել 3 տարբեր ձևերով.

1. Իրական վնասներ. Դրանք տուժողի կատարած այն ծախսերն են, գույքի կորուստը կամ վնասումը, որոնք առաջանում են մյուս կողմի ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում.

2. Բաց թողնված օգուտներ. Դրանք այն եկամուտներն են, որոնք անձը կստանար, եթե իր իրավունքները չխախտվեին:

3. Ոչ նյութական վնասներ. Դրանք անձի կյանքին ու առողջությանը, արժանապատվությանը, պատվին, գործարար համբավին և այլ ոչ նյութական բարիքներին պատճառված վնասներն են, որոնք առաջանում են ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում:

Հետևաբար այն դեպքերում, երբ վնաս է պատճառվում անձին, ապա նա, որպես տուժող, իրավունք ունի վնասների փոխհատուցման պահանջով դիմել դատարան: Ի տարբերություն տուժանքի բռնագանձման դեպքերի, երբ միայն պարտավորությունների խախտման առկայությունը բավական է, որպեսզի տուժանքի բռնագանձման պահանջ ներկայացնեք, վնասների փոխհատուցման պահանջ ներկայացնելու դեպքում անհրաժեշտ է նաև ապացուցել, որ առկա է ձեզ պատճառված որևէ վնաս:

Իրավունքը ճանաչելը.

Իրավունքը ճանաչելու միջոցով քաղաքացիական իրավունքները կարող են պաշտպանվել այն դեպքում, երբ անձը փաստացի ունի իրեն պատկանող որևէ իրավունք և անհրաժեշտ է իրավաբանորեն հիմնավորել փաստացի իրեն պատկանող իրավունքը:

Օրինակ, եթե անշարժ գույքի սեփականատերը չեք, սակայն տասը տարվա ընթացքում բարեխղճորեն, բացահայտ և անընդմեջ տիրապետում եք այն որպես սեփական գույք, ապա կարող եք խնդրել, որպեսզի դատարանը ճանաչի այդ գույքի նկատմամբ ձեր սեփականության իրավունքը:

Մինչև իրավունքի խախտումը եղած դրությունը վերականգնելը.

Պաշտպանության այս ձևը կիրառելի է այն դեպքում, երբ տեղի է ունեցել իրավախախտում, սակայն խախտված իրավունքը փաստացի հնարավոր է վերականգնել։

Օրինակ, առանց օրինական հիմքերի գործատուի կողմից աշխատանքային պայմանագրի լուծման դեպքում աշխատողը կարող է նախկին աշխատանքում վերականգնելու պահանջ ներկայացնել։

Իրավունքը խախտող կամ դրա խախտման համար վտանգ ստեղծող գործողությունները կանխելը․

Իրավունքների պաշտպանության այս միջոցի շնորհիվ դադարեցվում կամ կանխվում են իրավունքի իրականացման խոչընդոտնեը։

Օրինակ, այն դեպքում, երբ սեփականատերը շարունակում է տիրապետել իրեն պատկանող հողամասը, սակայն այլ անձի կողմից նրա հողամասում ինքնակամ կառույց է կառուցվում, ապա տվյալ դեպքում սեփականատերն իրավասու է իր սեփականության իրավունքի իրականացմանը խոչընդոտող գործողությունները արգելելու և անօրինական ինքնակամ կառույցը քանդել հարկադրելու պահանջով դիմել դատարան։

Անվավեր ճանաչված գործարքի հետևանքների կիրառումը․

Գործարքն անվավեր ճանաչելու դեպքում որպես հետևանք հիմնականում կիրառվում է երկկողմանի ռեստիտուցիա: Այսինքն՝ կողմերը պարտավորվում են միմյանց վերադարձնել գործարքով իրենց ամբողջ ստացածը, իսկ եթե հնարավոր չէ ստացածը բնեղենով վերադարձնել, ապա փոխհատուցել դրա արժեքը դրամով:

Օրինակ, եթե կողմերի միջև բանավոր կերպով կնքվել է փոխառության պայմանագիր, և օրենքով նախատեսված պայմանագիրը գրավոր կնքելու պահանջը չի պահպանվել, սակայն փոխատուն որոշակի գումար է փոխանցել փոխառուին, իսկ փոխառուն վերադարձրել է գումարի մի մասը և դրա վրա հաշվեգրվող տոկոսները, ապա կողմերից յուրաքանչյուրը կարող է այդ գործարքի անվավերության պահանջ ներկայացնել, ինչի հետևանքով կողմերից յուրաքանչյուրը մյուս կողմին կվերադարձնի այդ անվավեր գործարքի արդյունքում իր ստացած գումարները։

Պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտն անվավեր ճանաչելը կամ դատարանի կողմից պետական և տեղական ինքնակառավարման մարմնի` օրենքին հակասող ակտը չկիրառելը․

Օրենքին կամ այլ իրավական ակտերին չհամապատասխանող և քաղաքացու կամ իրավաբանական անձի քաղաքացիական իրավունքներն ու օրենքով պաշտպանվող շահերը խախտող պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի ակտը դատարանով կարող է ճանաչվել անվավեր:

Օրինակ, եթե որևէ պետական մարմին օրենքի սխալ կիրառման արդյունքում որևէ կազմակերպության ընդգրկել է պետական գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում, ապա վերջինս կարող է այդ որոշումը անվավեր ճանաչելու հայց ներկայացնել դատարան։

Իսկ այն դեպքերում, երբ գործը քննող դատարանը իրավասու չէ ակտը ճանաչել օրենքին հակասող և անվավեր (օրինակ իրեն ընդդատյա չլինելու պատճառով), ապա կարող է անտեսել այդ ակտը և չկիրառել կոնկրետ քաղաքացիաիրավական վեճը լուծելիս: Բայց դատարանը պարտավոր է հիմնավորել, թե ինչու այդ ակտը չի կիրառում և թե որ նորմին կամ օրենքին է այն հակասում:

Պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելը․

Այն դեպքում, երբ պարտավորության մի կողմը (պարտապանը) չի կատարում կամ ոչ պատշաճ է կատարում պարտավորությունը, մյուս կողմը (պարտատեր) իրավասու է պահանջելու պարտավորության բնեղենով կատարում: Սակայն պետք է նկատի ունենալ, որ բնեղենով կատարումը, որպես պաշտպանության միջոց, կիրառելի է միայն պարտավորությունների ոչ պատշաճ կատարման ժամանակ և անհատապես որոշվող գույք հանձնելու պարտականությունը չկատարելու դեպքում:  Անհատապես որոշվող գույքը այլ գույքից իրեն ներհատուկ հատկանիշներով առանձնացված, որոշակի առանձնահատկություններ ունեցող գույքն է։

Օրինակ, երբ կողմերի միջև կնքված առուվաճառքի պայմանագրով վաճառողը գնորդին չի հանձնում պայմանագրով նախատեսված գույքը, ապա գնորդն իրավասու է  պարտականությունը բնեղենով կատարելուն հարկադրելու պահանջ ներկայացնել դատարանին՝ ընդդեմ վաճառողի։

Իրավահարաբերությունը դադարեցնելը կամ փոփոխելը

Իրավունքների պաշտպանության այս եղանակը կիրառելի է այն դեպքում, երբ պարզվում է, որ իրավահարաբերության իրականանալու դեպքում խախտվելու են մասնակիցների կամ նրանցից մեկի իրավունքները կամ շահերը: Այս պահանջը կարող է ներկայացվել, միայն եթե իրավահարաբերությունները դադարեցնելու կամ փոփոխելու իրավունքն ուղղակիորեն նախատեսված լինի օրենքով կամ պայմանագրով:

Օրինակ, եթե կողմերից մեկը էականորեն խախտել է մատակարարման պայմանագրով նախատեսված իր պարտավորությունները (օրինակ գնորդը չի ընդունել մատակարարված ապրանքը), ապա մյուս կողմն իրավասու է  մատակարարման պայմանագիրը  միակողմանի փոփոխել կամ այն կատարելուց միակողմանի հրաժարվել։

Այսպիսով, քաղաքացիական իրավունքների պաշտպանության բազմաթիվ եղանակներ կան, դրանք չեն սահմանափակվում միայն վերը նշված եղանակներով, օրենքով առանձին դեպքերի համար կարող են նախատեսվել նաև իրավունքների պաշտպանության այլ եղանակներ։ Ուստի, իրավունքների պաշտպանության ամբողջ ծավալից օգտվելու համար, ելնելով գործի հանգամանքներից, անհրաժեշտ է ճիշտ ընտրել իրավունքի պաշտպանության միջոցը։

Contact Us
Ի՞նչ եղանակներով է իրականացվում քաղաքացիական իրավունքների պաշտպանությունը - Retrieve