Home
Practice Areas
Our TeamBlogLegal UpdatesContact
Back to Blog
December 3, 2024 5 min read

«ԾԱԽՍՈՒՄՆԵՐ ԳՈՒՄԱՐԱԾ» (COST-PLUS) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ

«ԾԱԽՍՈՒՄՆԵՐ ԳՈՒՄԱՐԱԾ» (COST-PLUS) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ

Նախորդ հոդվածներում անդրադարձել էինք տրանսֆերային գնագոյացման կանոններին և համառոտ ակնարկ կատարել դրա մեթոդների վերաբերյալ (Տրանսֆերային գնագոյացման կանոններին ծանոթացի՛ր https://t.ly/bJEc1, մեթոդներին՝ https://t.ly/doEjM0)։ Սույն և հաջորդիվ հրապարկվող հոդվածներում ավելի մանրամասն կփորձենք ուսումանսիրել տրանսֆերային գնագոյացման մեթոդներից յուրաքանչյուրը: Այս մեթոդների շարքում  «ծախսումներ գումարած» (Cost-Plus) մեթոդը առանձնանում է իր պարզությամբ, առավել թափանցիկությամբ և լայն կիրառությամբ:

Ի՞նչ ասել է «ծախսումներ գումարած»։

«Ծախսումներ գումարած»-ը տրանսֆերային գնագոյացման հինգ մեթոդներից մեկն է՝ գնագոյացման կառուցակարգ, որի միջոցով որոշվում է փոխկապակցված ընկերությունների միջև ապրանքների կամ ծառայությունների փոխանցման գործարքների գինը: Մեթոդի անունը ինքնին հուշում է, որ տվյալ դեպքում գործ ունենք ծախսերի և դրանց գումարած հավելագնի հետ։ Գործարքի առարկայի (ապրանք, ծառայություն) մատակարարման ընթացքում կատարված ուղղակի և անուղղակի ծախսերին (ներառյալ կիրառելի հարկերին) ավելացնելով հավելագինը՝ գործարքի շահույթի տոկոսը, այս մեթոդն ապահովում է, որ գործարքի գինը արտացոլի շահույթի այնպիսի չափ, որը նախատեսված կլիներ ոչ փոխկապակցված և միմյանցից անկախ կողմերի համադրելի չվերահսկվող գործարքների պայմաններում (համադրելի չվերահսկվող գործարքների մասին տե՛ս՝ https://t.ly/doEjM): Մեթոդը հատկապես արդյունավետ է այն դեպքերում, երբ մատակարարը ծախսարդյունավետ կերպով է գործունեություն ծավալում և կատարված ծախսերին ավելացված արժեքը հեշտ է որոշել։ Դա է պատճառը, որ ՀՀ հարկային օրենսգիրքը սահմանում է, որ «ծախսումներ գումարած» մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, երբ մատակարարը վերահսկվող գործարքում մատակարարած ապրանքի կամ մատուցած ծառայության դեպքում չի օգտագործել արժեքավոր նյութական ակտիվներ կամ կրել էական ռիսկեր։

Ո՞ր ոլորտներում է առավել հաճախ հանդիպում այս մեթոդը:

  1. Արտադրական և վաճառքի գործունեություն. Մեթոդը կիրառվում է ապրանքների և նյութական այլ բարիքների արտադրությանն ու վաճառքին առնչվող գործարքների համար, քանի որ այդ դեպքերում արտադրության հետ կատարված անուղղակի և ուղղակի ծախսերը որոշելը հեշտ է:
  2. Ծառայությունների մատուցում. Համեմատաբար պարզ, ոչ խառը գործընկերային իրավահարաբերություններով ծառայությունների մատուցման գործարքների պարագայում, ասենք՝ ծրագրային ապահովման մշակում:

Ինչպե՞ս է կիրառվում «ծախսումներ գումարած» մեթոդը։

Այս մեթոդի կիրառմամբ փոխկապակցված ընկերությունների միջև գործարքի ընդունելի և ողջամիտ (պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին համպատասխան) գինը որոշելու համար պետք է կատարել հետևյալ քայլերը.

  1. Որոշել գործարքի առարկայի համար մատակարարի կողմից կատարված ուղղակի ծախսերի չափը. Նման ծախսերը խիստ կապված են արտադրության կամ ծառայության առարկայի ստացման հետ․ այդպիսիք են հումքի համար կատարված, աշխատուժին վճարվող աշխատավարձերը և այլն:
  2. Որոշել գործարքի առարկայի համար մատակարարի կողմից կատարված անուղղակի ծախսերի չափը. Այս ծախսերը արտադրության կամ ծառայության առարկայի ստացման հետ ուղղակիրորեն կապված չեն, և կարող են ներառել օրինակ տարածքի վարձակալությունը, կոմունալ վճարները, վարչական ծախսերը և ընդհանուր այլ ծախսերը (overhead) , այդ թվում՝ կիրառելի հարկերը և տուրքերը:
  3. Որոշել գործարքի առարկայի ինքնարժեքը. Ինքնարժեքը կարող է որոշվել գումարելով գործարքի առարկայի համար կատարած անուղղակի և ուղղակի ծախսերը:
  4. Պարզել թե համադրելի չվերահսկվող գործարքներում որքան շահույթ են ստանում նմանատիպ գործարքներից: Շահույթի չափը կարող է տարբերվել կախված գործարքի առարկայից, շուկայական պայմաններից և այլն: Սույն մեթոդի շրջանակներում շահույթի չափը համարվում է հավելագին:
  5. Համադրելի չվերահսկվող գործարքներում ստացվող շահույթի չափը՝ ՀԱՎԵԼԱԳԻՆԸ գումարել գործարքի առարկայի համար կատարված բոլոր ծախսերին:

Այսպես, օրինակ արտադրողը իր մեկ արտադրանքը ստեղծելու համար կատարել է 20 դոլար ուղղակի ծախս՝ վճարելով հումքի և աշխատուժի համար (1-ին քայլ), այնուհետև կատարելով նաև կոմունալ վճարումներ և ադմինիստրատիվ այլ ծախսեր կատարել է ևս 5 դոլար անուղղակի ծախս (2-րդ քայլ): Արտադրանքի ընդհանուր ինքնարժեքը հետևաբար կազմել է 25 դոլար (3-րդ քայլ): Այնուհետև համեմատվում է համադրելի չվերահսկվող նմանատիպ գործարքներում նման արտադրանքի համար ինչքան շահույթ է ստանում ընկերությունը: Օրինակ դիտարկենք, որ նմանատիպ գործարքներից ընկերությունը ստանում է 20 տոկոս շահույթ (հավելագին) (4-րդ քայլ): Սույն դեպքում գործարքի առարկայի գինը որոշելու համար պետք է կատարված բոլոր ծախսերին՝ 25 դոլարին, ավելացնել ակնկալվող շահույթը՝ 20 տոկոսը: Այս մեթոդի կիրառմամբ կատարված ծախսերին գումարվող հավելագինը (այս դեպքում՝ 20 տոկոս շահույթը) համեմատվում է համադրելի չվերահսկվող գործարքներում ավելացվող հավելագնի չափի հետ (5-րդ քայլ): Արդյունքում սույն դեպքում գործարքի առարկայի գինը կհաշվարկվի հետևյալ կերպ.

  • 25 դոլար (կատարված բոլոր ծախսերի չափը) + ((25 դոլար x 0.2 (հավելագինը)) = 30 դոլար

Որո՞նք են այս մեթոդի առավելություններն ու բացասական կողմերը:

Մեթոդի առավելությունները.

Կիրառելիության պարզություն. մեթոդը համեմատաբար պարզ և հեշտ կիրառելի է: Կատարված ծախսերի և հավելագնի միջև ուղղակի կապը թույլ է տալիս պարզ բացատրություններ տալ հարկային մարմնին կոնկրետ գործարքի գնագոյացման վերաբերյալ:

Գնագոյացման կայունություն. Հատկապես կայուն և կանխատեսելի ծախսերի կառուցվածք ունեցող ոլորտներում այս մեթոդը ապահովում է գնագոյացման կայուն մոտեցում, ինչը  նպաստում է երկարաժամկետ ճշգրիտ պլանավորմանը և բյուջետավորմանը:

Արտաքին տվյալների հավաքագրման համեմատաբար ավելի քիչ անհրաժեշտություն. Ի տարբերություն այլ մեթոդների՝ այս մեթոդը առավելապես հիմնված է ծախսային տվյալների վրա, որոնք սովորաբար հասանելի ընկերության ֆինանսկան զեկույցներում և հարկային հաշվետվություններում։

Մեթոդի բացասական կողմերը

Անուղղակի ծախսերի բաշխման բարդություն. անուղղակի ծախսերի բաշխումը կարող է բարդ և վիճելի լինել: Գործնականում ընկերությունները կարող են ունենալ անուղղակի ծախսերի հաշվարկման և բաշխման տարբեր եղանակներ, ինչը կարող է հանգեցնել հնարավոր վիճելի դրվագների:

Շուկայական պայմանների անտեսում. Այս  մեթոդը կենտրոնանում է ծախսերի ներքին կառուցվածքների վրա և հաշվի չի առնում արտաքին շուկայական պայմանները, որոնք կարող են ազդել գնագոյացման վրա: Օրինակ, պահանջարկի տատանումները, կամ շուկայական հատուկ ռիսկերը հաշվի չեն  առնում տրանսֆերային գնի մեջ:

Շահութաբերության փոփոխականություն. Կատարված ծախսերին ավելացվող հավելագնի դրույքաչափերը կարող են զգալիորեն տարբերվել տարբեր ոլորտներում և շուկաներում, ինչը դժվար է դարձնում համընդհանուր ընդունելի դրույքաչափի որոշումը: Շահույթի այն չափը, ինչ համարվում է պարզած ձեռքի երկարության սահմաններում մի ոլորտում, կարող է չհամապատասխանել մյուսին:

Սահմանափակ կիրառելիություն. Այս մեթոդը համեմատաբար քիչ կիրառելի է ոչ նյութական ակտիվների, մեծ ինտեգրվածության գործառնությունների հետ կապված գործարքների համար, որտեղ կատարված ծախսերի տվյալները կարող են հասանելի կամ տեղին չլինել: Այն եզակի ապրանքներ կամ ծառայություններ ունեցող ընկերությունների համար ևս քիչ կիրառելի է, քանի որ նման դեպքերում դժվար է համադրելի չվերահսկվող գործարքներ գտնել:

Թեև այս մեթոդն ունի մի շարք առավելություններ, ներառյալ դրա պարզությունն ու կիրառման հեշտությունը, այն ունի նաև մի քանի թույլ կողմեր, այդ թվում՝ համադրելի չվերահսկվող գործարքներ գտնելու դժվարությունը և հաշվապահական ու ֆինանսական անհամապատասխանությունների հավանականությունը: Retrieve legal & tax-ի ոլորտի մասնագետները, հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները, կօգնեն որոշել տրանսֆերային գնագոյացման ամենահարմար և շահավետ մեթոդը Ձեզ համար:

Contact Us