Home
Practice Areas
Our TeamBlogLegal UpdatesContact
Back to Legal Updates
December 3, 2024 3 min read

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅՑ

ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՅՑ

Գործողության կատարման հայցը վարչական դատավարությունում առկա չորս հայցատեսակներից մեկն է: Այս հայցի առանձնահատկությունը կայանում է նրանում, որ այն առավելապես միտված է հակազդելու վարչական մարմինների ոչ իրավաչափ ռեալ ակտերին (գործողություն կամ անգործություն):

Ի՞նչ է հնարավոր պահանջել գործողության կատարման հայցատեսակով:

Գործնականում հանդիպում են իրավիճակներ, երբ վարչական մարմինը կատարում է որոշակի գործողություններ (ակտիվ վարքագիծ) կամ դրսևորում է անգործություն (պասիվ վարքագիծ), ինչը առաջացնում է փաստական հետևանքներ անձանց համար՝ խախտելով նրանց իրավունքները և ազատությունները: Նման դեպքերում, անձինք, ովքեր գտնում են, որ վարչական մարմնի գործողությունը/անգործությունը ոչ իրավաչափ է, կարող են ապավինել գործողության կատարման հայցին (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 68-րդ հոդված)` դատարանից պահանջելով պարտավորեցնել (չշփոթել պարտավորեցման հայցատեսակի հետ, որով վարչական մարմնին պարտավորեցվում է ընդունել վարչական ակտ)  վարչական մարմնին՝

  1. կատարել որոշակի գործողություններ (այն դեպքում, երբ վարչական մարմինը անգործություն է դրսևորում),
  2. ձեռնպահ մնալ որոշակի գործողություններ կատարելուց (այն դեպքում, երբ վարչական մարմինը դրսևորում է ենթադրյալ ոչ իրավաչափ գործողություն):

Ռեալ ակտերի օրինակներ են՝

  • Ոստիկանության հայտարարությունը որոշակի տարածքում հավաքները չիրականացնելու վերաբերյալ (ակտիվ/գործողություն):
  • Դիմել եք ոստիկանություն, որպեսզի կատարեն իրենց իրավասության սահմաններում որոշակի գործողություններ, սակայն վերջինս կողմից ոչ մի արձագանք չեք ստացել (պասիվ/անգործություն):

Ո՞ր դատարան պետք է ներկայացնել գործողության կատարման հայցը:

Գործողության կատարման հայցը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում:

Ի՞նչ նախապայմանների առակայության դեպքում է դատարան դիմելու հնարավորություն ստեղծվում:

Նախ, անհրաժեշտ է, որ անձը ունենա ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված՝ դատարան դիմելու իրավունք: Երկրորդը, եթե գործողության կատարման համար ժամկետ սահմանված չէ օրենքով, ապա հայցվորը նախքան դատարան դիմելը պետք է այդ գործողության կատարման պահանջով դիմած լինի վարչական մարմնին: Այլ կերպ ասած, հայցվորի դատարան դիմելու իրավունքը կարող է ծագել, եթե նա հայցվող գործողությունը կատարելու խնդրանքով դիմել է վարչական մարմնին, ստացել մերժում կամ վարչական մարմինը /պաշտոնատար անձը/ սահմանված ժամկետի ընթացքում հայցվող գործողությունը չի կատարել:

Ի՞նչ ժամկետներում է անհրաժեշտ ներկայացնել գործողության կատարման հայցը:

Այն դեպքում, երբ հայցվող գործողության կատարման համար անհրաժեշտ է նախ դիմում ներկայացնել վարչական մարմին, ապա՝ վարչական մարմնի կողմից գործողության կատարումը մերժելու մասին իրազեկվելու պահից մեկամսյա ժամկետում: Երբ վարչական մարմին անհրաժեշտություն չկա դիմում ներկայացնելու, ապա՝ վարչական մարմնի կողմից հայցվող գործողության կատարման համար սահմանված ժամկետը լրանալուց հետո երկամսյա ժամկետում: Իսկ եթե այս երկու դեպքերը առկա չեն, ապա՝ եռամսյա ժամկետում այն պահից, երբ դիմում է ներկայացվել հայցվող գործողությունը կատարելու համար (օրինակ՝ երբ անձը դիմում է ներկայացրել վարչական մարմին, սակայն վարչական մարմինը ո՛չ հայցվող գործողությունն է կատարել և ո՛չ էլ մերժել է գործողության կատարումը):

Փաստաթղթի ստացումը գործողության կատարման հայցատեսակի միջոցով:

Ըստ էության, այս հնարավորությունը նախատեսված է ապահովելու ՎՀՎՎ օրենքի 48-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ եթե վարչական ակտ ընդունելու իրավասություն ունեցող վարչական մարմինը օրենքի պահանջների պահպանմամբ ներկայացված դիմումի հիման վրա հարուցված վարույթի արդյունքում օրենքով սահմանված ժամկետում որևէ որոշում չի կայացնում, ապա վարչական ակտը համարվում է ընդունված, և դիմողը կարող է ձեռնամուխ լինել համապատասխան իրավունքի իրականացմանը: Այդ դեպքում կոմպլիմենտար նշանակություն ունի գործողության կատարման հայցը, քանի որ, ճիշտ է, անձը կարող է անցնել իր իրավունքների իրականացմանը, սակայն չունի համապատասխան փաստաթուղթ, ուստի՝ դիմում է վարչական դատարան ստանալու նաև համապատասխան փաստաթուղթը:

Օրինակ՝ դուք դիմել եք քաղաքապետարան շինթույլտվություն ստանալու համար (այն կանխավարկածով, որ Ձեր դիմումը բավարարում է օրենքի պահանջներին և հայցվող վարչական ակտը առոչինչ չէ), սակայն քաղաքապետարանը սահմանված ժամկետում չի տրամադրում այն: Դուք անցնում եք Ձեր իրավունների իրականացմանը (սկսում եք շինարարական աշխատանքները), և միաժամանակ գործողության կատարման հայցով դիմում եք վարչական դատարան՝ ստանալու շինթույլվության փաստաթուղթը:

Contact Us