
Հեղինակային պայմանագիրը (հայտնի նաև որպես հեղինակային իրավունքների տրամադրման կամ լիցենզայի պայմանագիր) իրավական փաստաթուղթ է, որը կարգավորում է հեղինակային իրավունքների փոխանցումը, օգտագործումը և տարածումը։ Նման պայմանագրերը կարևոր են ստեղծագործությունների հեղինակների և օգտագործողների միջև հարաբերությունները հստակցենելու համար։ Այս հոդվածի շրջանակներում կքննարկենք հեղինակային պայմանագրի հիմնական առանձնահատկությունները։ Պայմանագրի առանձնահատկությունները Հեղինակային պայմանագիրը կնքելու անհրաժեշտությունը կարող է առաջանալ տարբեր իրավիճակներում, երբ ստեղծագործությունները կամ հեղինակային իրավունքի օբյեկտները պետք է օգտագործվեն կամ փոխանցվեն այլ անձանց կամ կազմակերպությունների կողմից: Օրինակ՝ երաժշտական ստեղծագործությունը նկարահանվող ֆիլմում օգտագործելու համար։ Այսպիսի դեպքերում հեղինակային պայմանագրի առկայությունը անհրաժեշտ է՝ և՜ հեղինակի, և՜ օգտագործողի իրավունքները պաշտպանելու համար։ Թույլտվության տեսակները Պայմանագրի կողմերն են համարվում ստեղծագործության հեղինակը կամ իրավատերը և ստեղծագործության օգտագործման թույլտվություն ստացող անձը կամ օգտագործողը։ Հեղինակը կարող է օգտագործողին թույլատրել օգտագործել իր ստեղծագործությունը բացառիկ և ոչ բացառիկ լիցենզիայի կարգով․ 1․ Բացառիկ լիցենզիայի դեպքում հեղինակը փոխանցում է իր իրավունքները այն պայմանով, որ ինքը չի կարողանալու օգտագործել այդ իրավունքը (Օրինակ՝ երաժշտություն) և չի կարողանալու փոխանցել այդ իրավունքը այլ, երրորդ անձանց։ 2․ Ոչ բացառիկ լիցենզիան կարող է լինել հասարակ և եզակի։
- Հասարակ լիցենզիայի դեպքում հեղինակը պահպանում է մտավոր սեփականության օբյեկտը օգտագործելու իրավունքը և իրավասու է փոխանցել իրավունքը երրորդ անձանց։
- Եզակի լիցենզիայի դեպքում հեղինակը նույնպես պահպանում է իրավունքը, սակայն չի կարող փոխանցել իրավունքը երրորդ անձանց։
Վարձատրությունը Նման պայմանագրի առանձնահատկություններից է համարվում նաև այն, որ պայմանագիրը հատուցելի է, այսինքն՝ իրավունքները փոխանցելու համար ենթադրվում է որոշակի վարձատրություն։ Ընդ որում, ամրագրված գումարի չափը չի կարող ավելի ցածր լինել Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հեղինակային վարձատրության նվազագույն դրույքաչափերից։ Տարածքային սահմանափակումը Մեկ այլ առանձնահատկություն է իրավունքների օգտագործման տարածքը։ Պայմանագրում պարտադիր կերպով պետք է նշվի այն պետությունը կամ պետությունները, որտեղ թույլատրվելու է օգտագործել հեղինակային իրավունքի օբյեկտները։ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ պայմանագրում պայմանի բացակայության դեպքում իրավունքների օգտագործման գործողությունը սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության տարածքով: Այլ պահանջներ Հեղինակային պայմանագրում նշվում են փոխանցվող իրավունքների ծավալը և ստեղծագործությունն օգտագործելու եղանակը։ Եթե, օրինակ, հեղինակը փոխանցում է իր կողմից գրված գիրքը որևէ կազմակերպության կայքում տեղադրելու իրավունքը, ապա հարկավոր է նշել կոնկրետ կայքը և գիրքը կայքում տեղադրելու պատճառը/նպատակը։ Պայմանագրով նաև հնարավոր է օգտագործողին թույլատրել իրավունքները լրիվ կամ մասնակիորեն փոխանցել այլ անձանց կամ ամբողջովին արգելել այդպիսի հնարավորությունը։ Պայմանագիր կնքվում է գրավոր և կարող է կնքվել անժամկետ, սակայն պայմանագրի պայմանները դադարում են գործել, երբ դադարում են հեղինակին պատկանող գույքային իրավունքների գործողության ժամկետը (հիմնականում այդ ժամկետը գործում է հեղինակի կյանքի ընթացքում և շարունակում է գործել նրա մահից հետո՝ 70 տարի)։ Հեղինակային պայմանագրերը ապահովում են, որ ստեղծագործությունները օգտագործվեն օրինական և համաձայնեցված ձևով, պաշտպանելով երկու կողմերի իրավունքներն ու պարտականությունները: Հեղինակային պայմանագրերի կազմումը և կնքումը պահանջում է մանրամասն ուշադրություն և իրավաբանական գիտելիքներ, որպեսզի պայմանագիրը լինի ամբողջական և հստակ:
