30 հոկտեմբերի, 2026 թ. 5 րոպե

ԷՔՍՏՐԱԴԻՑԻԱ (ՀԱՆՁՆՈՒՄ)

Extradition

ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԸ, ՊԱՅՄԱՆՆԵՐԸ, ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԵՐԱՇԽԻՔՆԵՐԸ

Անահիտ Պետրոսյան, Իրավաբան

Էքստրադիցիան (հանձնումը) քրեական վարույթներով իրավական օգնության ոլորտի առանցքային ինստիտուտներից է, որի միջոցով ապահովվում է պատժի անխուսափելիության սկզբունքի իրագործումը միջազգային մակարդակում: Իրավական օգնությունն իրականացվում է միջազգային իրավունքի, պետությունների միջև հնարավորինս լայն համագործակցության, փոխադարձ հարգանքի, կամավորության, փոխադարձության, պատժի անխուսափելիության, չվերադարձելիության, ինչպես նաև սեփական քաղաքացիներին չհանձնելու սկզբունքների հիման վրա:

Հանձնման իրավական պարտավորությունը եվ անհրաժեշտ պայմանները

Միջազգային պայմանագրերով սահմանված է պետությունների պարտավորությունը՝ միմյանց հանձնելու բոլոր այն անձանց, ում նկատմամբ հայցող կողմի իրավասու մարմիններն իրականացնում են քրեական հետապնդում կամ որոնք հետախուզվում են պատժի կրման կամ կալանավորման նպատակով:

Անձի հանձնումն իրականացնելու համար անհրաժեշտ են հետևյալ իրավական պայմանները.

Հանձնման հիմքում ընկած արարքը պետք է հանցագործություն համարվի ինչպես հայցող, այնպես էլ հայցվող պետության օրենսդրությամբ։ Իրավասու դատարանի նախադեպային դիրքորոշման համաձայն՝ միայն այն ընդհանուր նշումը, որ տվյալ արարքը պատժելի է նաև հայցվող պետությունում, բավարար չէ հանձնման մասին որոշում կայացնելու համար։

Թեև արարքի իրավական ձևակերպումները երկու պետությունների օրենսդրություններում պարտադիր չէ, որ բառացիորեն նույնական լինեն, անհրաժեշտ է, որ հանցագործության էությունը և դրա հիմնական հատկանիշները սահմանված լինեն և բովանդակային առումով համընկնեն։

Նշված պայմանը պետք է պատշաճ կերպով արտացոլված լինի նաև հանձնման մասին որոշման մեջ՝ հստակ նշելով ներպետական իրավական նորմը, որի համաձայն տվյալ արարքը համարվում է հանցագործություն և պատժելի է հայցվող պետությունում, ինչպես նաև հիմնավորելով, որ այդ նորմով նախատեսված հանցակազմի հատկանիշները համապատասխանում են հանձնման հիմքում ընկած արարքի փաստական հանգամանքներին։

Հանձնման թույլատրելիության համար սահմանված են նաև պատժաչափին ներկայացվող պահանջներ։ Քրեական հետապնդում իրականացնելու նպատակով հանձնումը թույլատրելի է միայն այն դեպքում, երբ հանձնման հիմքում ընկած արարքի համար ինչպես հայցող, այնպես էլ հայցվող պետության քրեական օրենսդրությամբ նախատեսված է առնվազն մեկ տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժ։ Իսկ պատիժը կրելու նպատակով հանձնումը թույլատրելի է, եթե անձը դատապարտվել է առնվազն վեց ամիս ժամկետով ազատազրկման։

Քաղաքացուն չհանձնելու դեպքերը և հանձնումը մերժելու իրավական հիմքերը

Անձի հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով միջազգային և ներպետական իրավական կարգավորումներով նախատեսված են անձի հանձնման արգելքներ և հանձնումը մերժելու հիմքեր, որոնք կարող են ունենալ ինչպես բացարձակ, այնպես էլ հարաբերական բնույթ։

Սեփական քաղաքացիներին չհանձնելու սկզբունքի համաձայն՝ պետության քաղաքացին, որպես կանոն, չի հանձնվում օտարերկրյա պետությանը, եթե այլ բան նախատեսված չէ կիրառելի միջազգային պայմանագրերով։ Քաղաքացիությունը կարող է հանդիսանալ հանձնման հարցումը մերժելու ինքնուրույն իրավական հիմք՝ կախված տվյալ պետության սահմանադրական և օրենսդրական կարգավորումներից։

Հանձնման բացարձակ արգելք է համարվում նաև այն դեպքը, երբ առկա են հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ անձին հայցող պետությանը հանձնելու դեպքում նա կարող է ենթարկվել մահապատժի, խոշտանգման, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի։ Նման դեպքերում պետությունը պարտավոր է ապահովել անձի հիմնարար իրավունքների պաշտպանությունը և բացառել նրան այնպիսի պետություն հանձնելը, որտեղ առկա է այդ իրավունքների խախտման իրական վտանգ։

Հանձնումը կարող է մերժվել նաև անձի առողջական վիճակի կամ տարիքի հիմքով, եթե առկա են բավարար հիմքեր ենթադրելու, որ հանձնումը կարող է էականորեն վատթարացնել նրա առողջական վիճակը կամ վտանգել կյանքը՝ հաշվի առնելով կիրառելի միջազգային պայմանագրերով և ներպետական օրենսդրությամբ նախատեսված պայմանները։

Հանձնման հարցումը ենթակա է մերժման նաև այն դեպքում, երբ առկա են հիմնավոր պատճառներ ենթադրելու, որ անձի նկատմամբ քրեական հետապնդումն իրականացվում է նրա ռասայական, կրոնական, ազգային, որոշակի սոցիալական խմբի պատկանելության կամ քաղաքական հայացքների հիմքով, կամ որ հանձնումը կարող է հանգեցնել նրա նկատմամբ խտրական վերաբերմունքի։ Հանձնման արգելք կարող է առաջանալ նաև խոշտանգման կամ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի իրական վտանգի առկայության դեպքում։

Հանձնման մերժման հիմք կարող են հանդիսանալ նաև քրեական հետապնդման կամ դատավճռի կատարման վաղեմության ժամկետների լրանալը, ինչպես նաև նույն արարքի համար անձին կրկին դատելու անթույլատրելիության սկզբունքը (ne bis in idem), եթե նույն արարքի վերաբերյալ արդեն առկա է իրավական նշանակություն ունեցող վերջնական դատական ակտ կամ այլ համապատասխան որոշում։

Հանձնումը կարող է մերժվել նաև այն դեպքում, երբ հայցող պետությունում տվյալ արարքի համար նախատեսված է մահապատիժ, իսկ հայցող պետությունը չի տրամադրել մահապատժի չկիրառման բավարար երաշխիքներ։ Մերժման հիմք կարող է լինել նաև այն հանգամանքը, որ անձը ենթակա է դատապարտման արտակարգ դատարանի կողմից կամ նրա նկատմամբ դատավճիռը կայացվել է նման դատարանի կողմից։

Բացի այդ, եթե դատավճիռը կայացվել է անձի բացակայությամբ (in absentia), անհրաժեշտ է գնահատել՝ արդյոք անձին տրամադրված են եղել իր գործի վերանայման կամ կրկնակի դատաքննության արդյունավետ երաշխիքներ։ Նման երաշխիքների բացակայությունը կարող է հիմք հանդիսանալ հանձնման մերժման համար՝ կիրառելի իրավական կարգավորումներին համապատասխան։

Վերջապես, հանձնումը կարող է մերժվել, եթե դրա իրականացումը հակասում է պետության անվտանգության, հասարակական կարգի կամ այլ կենսական նշանակության շահերի պաշտպանության պահանջներին, եթե այդպիսի հիմքեր նախատեսված են կիրառելի ներպետական օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով։

Հանձնման իրավական երաշխիքները

Անձի հանձնման գործընթացում հիմնարար նշանակություն ունի նաև նրա իրավունքների պաշտպանության համար անհրաժեշտ իրավական երաշխիքների ապահովումը։ Իրավասու մարմինը, կիրառելի միջազգային պայմանագրերի և ներպետական օրենսդրության շրջանակներում, պետք է գնահատի հայցող պետության կողմից տրամադրվող երաշխիքների բավարար լինելը՝ մասնավորապես անձի քրեական պատասխանատվության ենթարկումը բացառապես հանձնման հիմքում ընկած արարքի համար, երրորդ պետությանը հետագա չհանձնումը՝ առանց համապատասխան համաձայնության, մահապատժի չկիրառումը, խոշտանգումներից և խտրական վերաբերմունքից պաշտպանությունը, ինչպես նաև անձի բացակայությամբ կայացված դատավճռի դեպքում արդյունավետ վերանայման կամ վերստին դատաքննության հնարավորության ապահովումը։ Միաժամանակ, իրավական օգնության շրջանակներում անձնական տվյալների տրամադրումը պետք է իրականացվի իրավական հիմքերի առկայությամբ՝ պահպանելով մասնավոր կյանքի և գաղտնիության իրավունքը։ Առանձնահատուկ պաշտպանություն է պահանջում նաև ապաստանի վերաբերյալ տեղեկատվությունը, որը չի կարող տրամադրվել ապաստան հայցողի կամ փախստականի ծագման երկրին, եթե կիրառելի իրավական կարգավորումներով նախատեսված է նման արգելք։

Այսպիսով, անձի հանձնումը բարդ իրավական գործընթաց է, որի օրինականությունը պայմանավորված է ինչպես հանձնման համար նախատեսված նյութական և ընթացակարգային պայմանների պահպանմամբ, այնպես էլ անձի հիմնարար իրավունքների պաշտպանության արդյունավետ երաշխիքների առկայությամբ։ Հանձնման վերաբերյալ յուրաքանչյուր հարցում պետք է գնահատվի անհատական կարգով՝ հաշվի առնելով արարքի քրեորեն պատժելի լինելու պայմանը, պատժաչափի պահանջները, հանձնման մերժման հնարավոր հիմքերը և հայցող պետության կողմից տրամադրված երաշխիքների բավարարությունը։ Միայն այս հանգամանքների համակողմանի գնահատման արդյունքում կարող է ապահովվել միջազգային իրավական համագործակցության արդյունավետությունը՝ միաժամանակ բացառելով անձի իրավունքների և ազատությունների անհամաչափ սահմանափակումը։

Իրավական հայտարարություն. Սույն հոդվածը տեղեկատվական բնույթ ունի և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ գործով խորհրդատվության համար դիմեք իրավաբանի։

Կապ մեզ հետ