20 հուլիսի, 2026 թ. 5 րոպե

Ինչպես գրանցել արտոնագիր Հայաստանում. ուղեցույց (2026)

Patent registration

Գյուտի պաշտպանությունն արտոնագրի միջոցով գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքներ ամրագրելու և երրորդ անձանց կողմից ձեր գյուտն առանց թույլտվության օգտագործելը կանխելու առավել արդյունավետ միջոցներից մեկն է։ Հայաստանում արտոնագրերը տրվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության ենթակայության ներքո գործող Մտավոր սեփականության գրասենյակի կողմից։ Չնայած գրանցման ընթացակարգը ներառում է մի քանի փուլ, այն բավականին հասկանալի է, եթե նախապես ծանոթանաք պահանջներին և ճիշտ պատրաստեք փաստաթղթերը։

Ի՞նչ կարելի է արտոնագրել

Արտոնագիրը իրավական պաշտպանություն է տրամադրում տեխնիկական գյուտերին, այդ թվում՝ արտադրանքներին, արտադրության եղանակներին և տեխնիկական լուծումների կատարելագործումներին։

Որպեսզի գյուտը կարողանա ստանալ արտոնագրային պաշտպանություն, այն պետք է համապատասխանի երեք հիմնական չափանիշների.

  • Լինել նոր — մինչ այդ երբևէ, աշխարհի որևէ վայրում, հրապարակայնորեն բացահայտված չլինել։
  • Ունենալ գյուտարարական մակարդակ — համապատասխան տեխնիկայի ոլորտի մասնագետի համար ակնհայտ լուծում չհանդիսանալ։
  • Լինել արդյունաբերական կիրառելիությամբ — ունենալ գործնական օգտագործման հնարավորություն, օրինակ՝ արդյունաբերության, գյուղատնտեսության, առողջապահության կամ այլ ոլորտներում։

Գիտական տեսությունները, մաթեմատիկական լուծումները, հայտնագործությունները, գործարարության վարման մեթոդները և զուտ գեղարվեստական ստեղծագործությունները արտոնագրման ենթակա չեն։

Քայլ 1. Ստուգեք՝ կարելի՞ է արտոնագրել Ձեր գյուտը

Հայտի ներկայացումից առաջ խորհուրդ է տրվում իրականացնել արտոնագրային որոնում՝ պարզելու համար, թե արդյոք նմանատիպ գյուտ արդեն գրանցված  է թե ոչ։ Սա թույլ կտա խուսափել ավելորդ ծախսերից և բարձրացնել հաջողությամբ արտոնագիր ստանալու հավանականությունը։

Մասնագիտական արտոնագրային որոնումը նաև հնարավորություն է տալիս բացահայտել արդեն իսկ առկա արտոնագրերը, որոնք կարող են խոչընդոտել Ձեր գյուտի արտոնագրմանը։

Քայլ 2. Պատրաստեք արտոնագրային հայտը

Որպես կանոն, արտոնագրային հայտը ներառում է.

  • արտոնագիր տալու մասին դիմում.
  • գյուտի մանրամասն նկարագրություն.
  • գյուտի ձևակերպման մեկ կամ մի քանի կետեր, որոնք սահմանում են իրավական պաշտպանության ծավալը.
  • գծագրեր (անհրաժեշտության դեպքում).
  • գյուտի համառոտ նկարագրություն։

Գյուտի ձևակերպումը հայտի ամենակարևոր մասերից մեկն է, քանի որ հենց այն է սահմանում տրամադրվող արտոնագրային պաշտպանության ծավալը։

Քայլ 3. Ներկայացրեք հայտը

Հայաստանում արտոնագիր ստանալու հայտերը ներկայացվում են Մտավոր սեփականության գրասենյակ՝ հայերեն լեզվով։

Հայտը կարող է ներկայացվել ուղղակիորեն գյուտարարի կողմից կամ գրանցված արտոնագրային հավատարմատարի կամ լիազորագրի հիման վրա գործող այլ լիազորված ներկայացուցչի միջոցով։

Դիմողը նաև պարտավոր է վճարել հայտի ներկայացման համար սահմանված պետական տուրքը և ներկայացնել անհրաժեշտ հաստատող փաստաթղթերը։

Քայլ 4. Ձևական փորձաքննություն

Հայտն ստանալուց հետո Մտավոր սեփականության գրասենյակն սկզբում ստուգում է, թե արդյոք ներկայացված են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տվյալները։

Եթե որևէ փաստաթուղթ բացակայում է կամ հայտը չի համապատասխանում սահմանված պահանջներին, դիմողը ստանում է ծանուցում, և նրան տրվում է ժամկետ՝ բացակայող փաստաթղթերը ներկայացնելու կամ հայտնաբերված թերությունները վերացնելու համար։

Քայլ 5. Նախնական փորձաքննություն

Հայտի ներկայացման ամսաթիվը սահմանելուց հետո Գրասենյակն իրականացնում է նախնական փորձաքննություն, որպես կանոն, երեք ամսվա ընթացքում։ Այս փուլում ստուգվում է.

  • արդյո՞ք հայտը համապատասխանում է օրենսդրությամբ սահմանված ձևական պահանջներին.
  • փոփոխու՞մ են արդյոք ներկայացված լրացուցիչ նյութերը գյուտի էությունը.
  • հանդիսանում է արդյոք հետազոտության առարկան պիտանի արտոնագրման համար։

Քայլ 6. Հայտի հրապարակումը և փորձաքննությունը ըստ էության

Հայտի հրապարակումից հետո դիմողը կամ ցանկացած շահագրգիռ երրորդ անձ իրավունք ունի միջնորդություն ներկայացնել՝ ըստ էության փորձաքննություն անցկացնելու համար։ Որպես կանոն, նման միջնորդությունը պետք է ներկայացվի հայտի ներկայացման ամսաթվից հինգ տարվա ընթացքում։

Ըստ էության փորձաքննության ընթացքում Գրասենյակը գնահատում է՝ արդյոք գյուտը համապատասխանում է արտոնագրունակության հիմնական չափանիշներին, ներառյալ նորույթը, գյուտարարական մակարդակը և արդյունաբերական կիրառելիությունը։

Անհրաժեշտության դեպքում փորձագետը կարող է լրացուցիչ պարզաբանումներ պահանջել կամ առաջարկել փոփոխություններ կատարել հայտի նյութերում՝ նախքան վերջնական որոշում կայացնելը։

Փորձաքննության արդյունքների հիման վրա Մտավոր սեփականության գրասենյակը որոշում է կայացնում արտոնագիր տալու կամ դրա տրամադրումը մերժելու մասին։

Քայլ 7. Արտոնագրի տրամադրումը

Եթե սահմանված բոլոր պահանջները կատարված են, գյուտի վերաբերյալ տվյալները մուտքագրվում են Պետական ռեգիստր, տրվում է արտոնագիր, և դրա մասին տեղեկատվությունը հրապարակվում է պաշտոնական արտոնագրային տեղեկագրում։

Դրանից հետո արտոնագրի սեփականատերն ստանում է գյուտն օգտագործելու, դրա օգտագործման լիցենզիաներ տրամադրելու, արտոնագիրն օտարելու կամ այլ կերպ իր գյուտը Հայաստանի տարածքում առևտրային նպատակներով օգտագործելու բացառիկ իրավունք։

Հաճախ տրվող հարցեր (ՀՏՀ)

Ի՞նչքան ժամանակ է տևում արտոնագրի գրանցումը

Արտոնագրի գրանցման ընթացակարգը սովորաբար տևում է 12-ից 15 ամիս՝ կախված գյուտի բարդությունից, փորձաքննության տևողությունից, ինչպես նաև հայտի քննարկման ընթացքում լրացուցիչ նյութերի կամ պարզաբանումների անհրաժեշտությունից։

Ի՞նչքան ժամանակ է գործում արտոնագրային պաշտպանությունը

Գյուտի ստանդարտ արտոնագիրը գործում է 20 տարի՝ հայտի ներկայացման ամսաթվից, պայմանով, որ ժամանակին վճարվեն արտոնագիրն ուժի մեջ պահելու տարեկան տուրքերը։

Հայաստանի օրենսդրությունը նաև նախատեսում է կարճաժամկետ արտոնագիր ստանալու հնարավորություն, որի գործողության ժամկետը 10 տարի է՝ հայտի ներկայացման պահից։

Ի՞նչքան արժե արտոնագրի գրանցումը

Գրանցման գործընթացում դիմողը վճարում է պետական տուրք։ Հիմնականներն են.

  • հայտի ներկայացում և նախնական փորձաքննություն — 20 000 ՀՀ դրամ.
  • ըստ էության վերլուծություն — 120 000 ՀՀ դրամ.
  • գրանցում և արտոնագրի տրամադրում — 15 000 ՀՀ դրամ:

Արտոնագիրը տրամադրելուց հետո անհրաժեշտ է ամեն տարի վճարել այն ուժի մեջ պահելու տուրքերը՝ սկսած երկրորդ տարուց։ Տուրքի չափն աստիճանաբար ավելանում է՝ տարեկան 20 000 ՀՀ դրամից մինչև ստանդարտ քսանամյա արտոնագրի գործողության վերջին տարիներին 100 000 ՀՀ դրամ։

Պետական տուրքերի վճարման արտոնություններ (զեղչեր)

Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է արտոնություններ դիմողների առանձին կատեգորիաների համար.

  • ֆիզիկական անձինք և մինչև 25 աշխատակից ունեցող ընկերությունները ստանում են 75% զեղչ արտոնագրի գրանցման և ուժի մեջ պահելու հետ կապված մեծամասնության տուրքերի նկատմամբ.
  • 25-ից մինչև 100 աշխատակից ունեցող ընկերությունները ստանում են 50% զեղչ նշված տուրքերի մեծամասնության նկատմամբ։

Արտոնագրված գյուտի օգտագործման լիցենզիա տրամադրելուց և դրա պաշտոնական գրանցումից հետո արտոնագիրն ուժի մեջ պահելու տարեկան տուրքերը վճարվում են լրիվ չափով։

Ինչու՞ է կարևոր դիմել մասնագետի

Չնայած դիմողն իրավունք ունի ինքնուրույն ներկայացնել հայտ արտոնագիր ստանալու համար, որակյալ արտոնագրային փաստաթղթերի պատրաստումը պահանջում է ինչպես տեխնիկական, այնպես էլ իրավաբանական գիտելիքներ։ Ոչ պատշաճ կերպով կազմված արտոնագրային հայտերը կամ թերի փաստաթղթերը կարող են նվազեցնել պաշտպանության մակարդակը կամ նույնիսկ հանգեցնել մերժման։

Փորձառու արտոնագրային հավատարմատարի հետ համագործակցությունը զգալիորեն մեծացնում է հուսալի իրավական պաշտպանության ծավալով արտոնագրի հաջող գրանցման հավանականությունը, ինչպես նաև օգնում է խուսափել ընթացակարգի ընթացքում անհարկի ուշացումներից և լրացուցիչ ծախսերից։

Եզրակացություն

Հայաստանում արտոնագրի գրանցումը կարևոր քայլ է գյուտարարների, ստարտափների և այն ընկերությունների համար, որոնք ձգտում են պաշտպանել իրենց գյուտերը և ձեռք բերել մրցակցային առավելություն։

Նախնական արտոնագրային որոնման իրականացումը, հայտի գրագետ պատրաստումը և փորձաքննության բոլոր փուլերի հաջող անցումը թույլ են տալիս ստանալ գյուտի նկատմամբ բացառիկ իրավունքներ, որոնք նպաստում են դրա առևտրայնացմանն ու բիզնեսի երկարաժամկետ զարգացմանը։

Եթե դուք նախատեսում եք 2026 թվականին գրանցել արտոնագիր Հայաստանում, վաղ փուլում մասնագիտական խորհրդատվության դիմելը կօգնի խնայել ժամանակ, նվազեցնել հնարավոր ռիսկերը և առավելագույն արդյունավետությամբ պաշտպանել Ձեր մտավոր սեփականությունը։

Կապ մեզ հետ