Вернуться в блог
3 декабря 2024 г. 3 мин

Իրավաբանական անձանց տվյալների փոփոխությունների պետական գրանցումը

Իրավաբանական անձանց տվյալների փոփոխությունների պետական գրանցումը

Իրավաբանական անձանց տվյալների փոփոխությունների պետական գրանցումը հարաբերականորեն պարզ, բայց և կարևոր գործընթաց է, որի միջոցով պետական միասնական գրանցամատյանում իրականացվում են տվյալների թարմացումներ և փոփոխություններ։ Այն անհրաժեշտ է օրենսդրական համապատասխանության (compliance) նկատառումներից ելնելով։ Այսպեսիրավաբանական անձի ներսում հաճախ կամ հազբադեպ տեղի են ունենում այնպիսի փոփոխություններ, ասենք՝ տնօրեն, իրավաբանական հասցե և այլն, որոնց վերաբերյալ տվյալների ճշտությունը պետք է տեղ գտնի ՀՀ ԱՆ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում։

Հաճախ հանդիպող փոփոխությունները

Առավել հաճախ իրավաբանական անձինք գրանցում են հետևյալ փոփոխությունները՝

  • Մասնակիցների/բաժնետերերի փոփոխություն․ Երբ փոխվում են ընկերության մասնակիցները կամ բաժնետրերը։
  • Գործադիր մարմնի ղեկավարի՝ տնօրենի փոփոխություն․ Ընկերության նոր տնօրեն նշանակման դեպքում հարկավոր է այդ նշանակումը գրանցել ռեգիստրում։
  • Իրավաբանական հասցեի փոփոխություն․
  • Գործունեության ոլորտի փոփոխություն․ Եթե ընկերությունը որոշում է փոխել իր գործունեության ոլորտը, այդ փոփոխությունը նույնպես պետք է գրանցվի՝ ըստ համապատասխան դասակարգչի։
  • Ֆիրմային անվանման փոփոխություն․ Ընկերության անվանման փոփոխությունը նույնպես գրանցվում է պետական ռեգիստրում։
  • Կանոնադրության փոփոխություն

Փոփոխությունների համար անհրաժեշտ փաստաթղթերը

Կախված ցանկալի փոփոխություններից՝ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող է տարբերվել։ Սակայն որոշ փաստաթղթերի առկայությունը մշտապես անհրաժեշտ է։

Ցանկացած փոփոխության դեպքում, նախ և առաջ, հարկավոր է ընկերության համապատասխան լիազորություններ ունեցող մարմնի (գործադիր մարմին՝ ի դեմս տնօրենի, ընդհանուր ժողով՝ ի դեմս մասնակիցների կամ բաժնետերերի) որոշումը, որտեղ նշվում է, թե ինչ փոփոխություններ են կատարվելու։ Ռեգիստր փաստաթղթեր ներկայացնելիս հարկավոր է ներկայացնել դիմում՝ կատարվող փոփոխությունների վերաբերյալ, կատարել պետական տուրքի վճար և վճարման անդորրագիրը կցել դիմումին։ Պետական տուրքի դրույքաչափը սահմանվում է «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով։ Եթե, օրինակ, փոփոխվում է ընկերության կանոնադրությունը, ապա հարկավոր է ռեգիստր ներկայացնել կանոնադրության նոր խմբագրության երկու օրինակ:

Փոփոխությունների պետական գրանցման կարգը և ժամկետները

Եթե այլ բան նախատեսված չէ օրենքով, փաստաթղթերը ռեգիստր ներկայացնելուց ոչ ուշ, քան երկու աշխատանքային օրվա ընթացքում կատարվում է համապատասխան փոփոխությունների պետական գրանցումը։ Ի դեպ, փաստաթղթերը հնարավոր է ներկայացնել էլեկտրոնային տարբերակով, ինչպես նաև լիազորված անձի միջոցով․ այդ դեպքում լիազորագրի նոտարական վավերացում չի պահանջվում։ Ներկայացված փաստաթղթերը ուսումնասիրելուց հետո փոփոխությունների պետական գրանցումը մերժելու հիմքեր չհայտնաբերելու դեպքում ռեգիստրում տեղեկատվական համակարգի միջոցով փոփոխությունների մասին գրառում է կատարվում պետական միասնական գրանցամատյանում։ Գրանցամատյանում փոփոխությունների գրառումը հավաստվում է գրանցամատյանի համապատասխան քաղվածքով, որը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեով կամ տրվում է տեղում։

Փաստաթղթերում սխալների առկայության դեպքում Ռեգիստրը երկու աշխատանքային օրվա ընթացքում մերժում է փոփոխությունների պետական գրանցումը։ Փոփոխությունների պետական գրանցման մերժումը լինում է պատճառաբանված և հղում է կատարվում օրենքի այն կոնկրետ նորմին, որի պահանջը խախտվել է: Փոփոխությունների գրանցման մերժումը ստորագրվում է ռեգիստրի աշխատակցի կողմից էլեկտրոնային ստորագրության միջոցով, և մերժման մասին էլեկտրոնային փաստաթուղթը ուղարկվում է անձի տրամադրած էլեկտրոնային փոստի հասցեին, ինչպես նաև հասանելի է դառնում համացանցում՝ տեղեկատվական համակարգում համապատասխան ծածկագիրը մուտքագրելու պայմանով կամ թղթային տարբերակը փոխանցվում է դիմողին։ Ռեգիստրի գործողությունները և որոշումները ենթակա են դատական վերահսկողության վարչական դատարանի կողմից։

Свяжитесь с нами
Իրավաբանական անձանց տվյալների փոփոխությունների պետական գրանցումը - Retrieve