Вернуться в блог
3 декабря 2024 г. 5 мин

ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ԳՆԻ (RESALE PRICE METHOD) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ

ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ԳՆԻ (RESALE PRICE METHOD) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ

Սույն հոդվածում կփորձենք բացահայտել «վերավաճառքի գնի» մեթոդի (resale price method) նշանակությունը տրանսֆերային գնագոյացման կանոններում՝ որպես հինգ հիմնական մեթոդներից մեկը։

Ինչպե՞ս է բնորոշվում «վերավաճառքի գնի» մեթոդը:

Ինչպես տրանսֆերային գնագոյացման մյուս մեթոդները, «վերավաճառքի գնի» մեթոդը ևս բնորոշվում է որպես տեխնիկա կամ միջոց՝ որոշելու փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող վերահսկվող գործարքների (ապրանքների մատակարարման կամ ծառայության տրամադրման) գնի համապատասխանությունը պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, այսինքն՝ որոշելու՝ արդյո՞ք գործարքի ընտրված գինը ողջամիտ է, և արդյո՞ք համանման գին կսահմանվեր, եթե գործարքի կողմերը փոխկապակցված չլինեյին։

«Վերավաճառքի գնի» մեթոդը հատկապես կիրառվում է վերավաճառքի գործարքների դեպքում, երբ գործարքի առարկան (ծառայությունը կամ ապրանքը) գնվում է մի փոխկապակցված ընկերությունից և վերավաճառվում այլ անկախ (չփոխկապակցված) կողմի առանց էական փոփոխության կամ հետագա վերամշակման: Այդպիսի գործարքներ կարող են լինել վերավաճառքի, դիստրիբյուտորական, գործակալության, մանրածախ առևտրի, միջնորդական ծառայությունների մատուցման և նույնաբնույթ այլ պայմանագրերը։

Այս մեթոդը հիմք է ընդունում վերահսկվող գործարքում վերավաճառողի կողմից ստացված համախառն եկամտային հավելագինը (gross profit margin)՝ վերջինս համեմատելով համադրելի չվերահսկվող համապատասխան հավելագնի հետ։ Այլ կերպ ասած, ստուգվում է, թե կիրառված վերավաճառքի հավելագինը (margin կամ mark-up) համադրելի է այլ հավասար և չեզոք պայմաններում կնքվող գործարքների վերավաճառքի հավելագնի հետ։

«Վերավաճառքի գնի» մեթոդում հաշվարկը կատարվում է հետընթաց․ սկզբում պարզվում է, թե որն է պատշաճ համախառն եկամտի հավելագինը, հետո այն նվազեցվում է վերավաճառքի վերջնական գնից, արդյունքում ստացված գինը դիտարկվում է փոխկապակցված ընկերությունների միջև կնքված գործարքի գին։ Այսպես օրինակ, Ա ընկերությունը ձեռք է բերում օծանելիք իր դուստր Բ ընկերությունից 100 դոլարով (վերահսկվող գործարք), և այն վերավաճառում այլ անկախ Գ ընկերությանը՝ 150 դոլարով։ Ուսումնասիրությամբ պարզվում է, որ տվալ երկրի շուկայում համադրելի գործարքներում օծանելիքի վերավաճառքի համախառն եկամտային հավելագինը առավելագույնը 10% է։ Արդյունքում, վերավաճառքի գնից (150 դոլար) նվազեցնելով համադրելի գործարքների համախառն եկամտային հավելագինը (15 դոլար), ստացվում է այն գինը (135 դոլար), որը պետք է դիտարկել որպես Ա և Բ փոխկապակացված ընկերությունների միջև կնքված վերահսկվող գործարքի տրանսֆերային գին։

ՀՀ օրենսդրական մոտեցումները

ՀՀ հարկային օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ վերավաճառքի գնի մեթոդը, որի դեպքում վերահսկվող գործարքի առարկայի վերավաճառքից ստացված հավելագինը համեմատվում է համադրելի չվերահսկվող գործարքի առարկայի վերավաճառքից ստացված հավելագնի հետ։

Նույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն՝ վերավաճառքի գնի մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, երբ վերավաճառողը վերահսկվող գործարքում ձեռք բերված ապրանքների վերավաճառքի ընթացքում որևէ էական հավելյալ արժեք չի ավելացրել վերավաճառվող ապրանքի վրա։

ՀՀ հարկային օրենսգրքի 351-րդ հոդվածի 4-րդ մասի 3-րդ կետի համաձայն՝ Հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկման բազաների գնահատման (վերագնահատման) ու հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ կիրառվում են հետևյալ մեթոդները.

Վերավաճառքի գնի մեթոդ` հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) համար ապրանքների շուկայական գինը որոշվում է որպես նույն ապրանքի հետագա վաճառքի (վերավաճառքի) գնի և վերավաճառողի կողմից տվյալ ապրանքի իրացման ծախսերի ու վերավաճառքի հավելագնի տարբերություն` առանց հաշվի առնելու վերավաճառողի կողմից տվյալ ապրանքը ձեռք բերելու գինը: Վերավաճառքի գնի մեթոդի կիրառման ժամանակ համադրելի վերավաճառողի հավելագինը հաշվի է առնվում պայմանով, որ ապահովվի նույն, իսկ դրա բացակայության դեպքում` համանման մեկ կամ ավելի համադրելի ապրանքների մասով գործարքների դեպքում տվյալ ոլորտի համար սովորաբար կիրառելի շահութաբերությունը: Վերավաճառքի գնի մեթոդի կիրառման հիմնական պայմաններն են տվյալ ապրանքի վաճառքի գնի վերաբերյալ տեղեկատվության բացակայությունը կամ ոչ հավաստի տվյալը, տվյալ ապրանքի վերավաճառքի գնի և վերավաճառողի իրացման ծախսերի առկայությունը։

Ինչպե՞ս է կիրառվում «վերավաճառքի գնի» մեթոդը:

«Վերավաճառքի գնի» մեթոդի կիրառությամբ գործարքի գնի որոշման համար կարող են, մասնավորապես, կատարվել հետևյալ գործողությունները՝ ըստ հաջորդականության․

  1. Որոշել վերավաճառքի գինը. Նախ անհրաժեշտ է պարզել վերավաճառքի գինը, որով ընկերությունը անկախ (չփոխկապակցված) կողմին վաճառում է ապրանք կամ ծառայություն, որը գնել էր իրեն փոխկապակցված ընկերությունից: Սա այն վերջնական գինն է, որով ապրանքը կամ ծառայությունը վերավաճառվում է։
  2. Հաշվարկել համախառն եկամտի հավելագինը (gross profit margin) վերահսկվող գործարքում. Այն հաշվելու համար անհրաժեշտ է վերավաճառքի գնից նվազեցնել վաճառված ապրանքների ինքնարժեքը։
  3. Բացահայտել համադրելի չվերահսկվող գործարքներում համախառն եկամտի հավելագինը. Բացահայտել՝ նմանատիպ գործարքներում սովորաբար որքան է կազմում համախառն շահույթի եկամտի հավելագնի գործակիցը, որը վերավաճառողը վերավաճառելիս ավելացնում է նմանատիպ ապրանքի կամ ծառայության նախնական գման արժեքին:
  4. Համեմատել գործարքների հավելագները. Համեմատել փոխկապակցված կողմերի միջև  կնքվող վերահսկվող գործարքի առարկայի վերավաճառքից ստացված հավելագինը համադրելի չվերահսկվող գործարքների առարկայի վերավաճառքից ստացված հավելագնի հետ  (2-րդ և 3-րդ կետերում ստացված ցուցանիշները)՝ պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի սահմաններում տրանսֆերային գին սահմանելու նպատակով:
  5. Սահմանել և կարգավորել գործարքի տրանսֆերային գինը. Անկախ (չփոխկապակցված)  կողմի վերավաճառքի գնից (1-ին կետի ցուցանիշը) նվազեցվում է  համադրելի չվերահսկվող գործարքների շահույթի ցուցանիշներին համապատասխան գործակիցը(3-րդ կետի ցուցանիշը)՝ տրանսֆերային գինը համապատասխանեցնելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին:

Այսպես, օրինակ երկու փոխկապակցված ընկերությունները (մայր և դուստր ընկերություններ) գործում են տարբեր հարկային իրավասություններում և մայր Ա ընկերությունը արտադրում է սմարթֆոններ և վաճառում դրանք իր դուստր Բ ընկերությանը այլ երկրում: Այնուհետև Բ ընկերությունը վերավաճառում է սմարթֆոնները իր երկրում գտնվող հաճախորդներին՝

  1. Բ ընկերության կողմից մի սմարթֆոնի վերավաճառքի գինը  սահմանվել է 500 դոլար:
  2. Մի սմարթֆոնի առնչությամբ Ա ընկերության կատարած ծախսերը կամ ինքնարժեքը կազմում է 300 դոլար։
  3. Տվյալ հարկային իրավասաությունում սմարթֆոնների վերավաճառքի հավելագնի տոկոսը (այդ թվում Բ ընկերության գործարքները՝ չփոխկապակցված ընկերությունների հետ) կազմում է առավելագունը 20%:
  4. Վերահսկվող և չվերահսկվող գործարքների հավելագների գործակիցների համապատասխան տարբերությունը կազմում է 20% (40% – 20%=20%):
  5. Այս տարբերությունը հիմք է ընդունվում տրանսֆերային գործարքի գինը որոշելու համար (դրական տարբերության դեպքում` ավելացնելով, իսկ բացասական տաբերության դեպքում`  նվազեցնելով)։ Ստացվում է՝

300+ (500 x 0.2) = 400 դոլար

Retrieve legal & tax-ի ոլորտի մասնագետները, հաշվի առնելով Ձեր բիզնեսի առանձնահատկությունները, կօգնեն որոշել տրանսֆերային գնագոյացման ամենահարմար և շահավետ մեթոդը Ձեզ համար:

Свяжитесь с нами
ՎԵՐԱՎԱՃԱՌՔԻ ԳՆԻ (RESALE PRICE METHOD) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ - Retrieve