Назад к юридическим обновлениям
3 декабря 2024 г. 5 мин

ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ (PROFIT SPLIT) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ

ՇԱՀՈՒՅԹԻ ԲԱՇԽՄԱՆ (PROFIT SPLIT) ՄԵԹՈԴԸ ՏՐԱՆՍՖԵՐԱՅԻՆ ԳՆԱԳՈՅԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐՈՒՄ

Այս հոդվածում կբացահայտենք «շահույթի բաշխման» մեթոդը (profit split method) տրանսֆերային գնագոյացման կանոնների էության համատեքստում։ Տվյալ մեթոդը նպատակ ունի արդարացիորեն բաշխել ընդհանուր շահույթը փոխկապակցված ընկերությունների միջև՝ հիմնվելով նրանց կատարած գործառույթների, օգտագործված ակտիվների, կատարված ներդրումների  և կրած ծախսերի ու ռիսկերի վրա:

Ո՞րն է «շահույթի բաշխման» մեթոդը:

«Շահույթի բաշխման» մեթոդը հանդիսանում է փախկապակցված ընկերությունների միջև կնքվող վերահսկվող գործարքների (ապրանքների մատակարարման կամ ծառայության տրամադրման) գնի (տրանսֆերային գնի) որոշման միջոցներից մեկը, որն ապահովում է, որ կնքված գործարքը համապատասխանի պարզած ձեռքի հեռավորության սկզբունքին, այսինքն՝ նախատեսված լինի գործարքի այնպիսի ողջամիտ գին, ինչպիսին կսահմանվեր չփոխկապակցված ընկերությունների միջև կնքվող համանման այլ գործարքների (համադրելի չվերահսկվող գործարքների) համար:

«Շահույթի բաշխման» մեթոդի կիրառմամբ վերահսկվող գործարքի շրջանակներում ստացված համատեղ շահույթը և վնասը բաշխվում է գործարքի կողմերի միջև՝ գործարքի առարկայի ստացման համար կողմերից յուրաքանչյուրի ունեցած ավանդի (contribution) չափին համամասնորեն: Համատեղ շահույթի չափը որոշվում է փոխկապակցված ընկերությունների գործարքից ստացվող ընդհանուր եկամտից հանելով նրանց կատարած ծախսերը: Փոխկապակցված կողմերից յուրաքանչյուրին հատկացվում է շահույթի կամ վնասի այնպիսի մասնաբաժին, որը ընկերությունը կարող էր ակնկալել անկախ և փոխկապակցված չհամարվող կողմի հետ նմանատիպ գործարք կնքելիս։ Շահույթի բաշխման մեթոդը ելնում այն սկզբունքից, որ այն համախառն շահույթը, որը ստացվել է փոխկապակցված ընկերությունների միջև կնքված վերահսկվող գործարքից, պետք է բաշխվի նրանց միջև այնպես, ինչպես այն կբաշխվեր անկախ գործող և չփոխկապակցված կողմերի միջև՝ հաշվի առնելով նրանց կատարած գործառույթները, կրած ռիսկերի, օգտագործվող ակտիվների չափը և այլ ավանդները, որոնք ունեցել են կողմերից յուրաքանչյուրը։

Այս մեթոդի հատկապես կիարռելի է խիստ ինտեգրացված  ընկերությունների դեպքում (կարծես՝ յուրաքանչուր ընկերությւն մեկ միասնական ընկերության կառուցվածքային բաժնի դեր խաղա), որտեղ ընկերություններից յուրաքանչյուրը իրականացնում է մյուսին փոխլրացնող գործառույթներ և վերջիններս ներգրավված են միասնական բիզնես գործունեության մեջ: Օրինակ՝ մի ընկերությունը կարող է զբաղվել հետազոտություններով, մյուսը՝ արտադրությամբ, իսկ երրորդը՝ մարքեթինգով և վաճառքով։ Նման դեպքերում դժվար է հստակ գնահատել յուրաքանչյուր ընկերության ավանդը վերջնական արդյունքի ձևավորման մեջ։ Շահույթի բաշխման մեթոդը հնարավորություն է տալիս գնահատել այդ ավանդների հարաբերական չափերը և համապատասխանաբար բաշխել ընդհանուր շահույթը։

ՀՀ օրենսդրական մոտեցումները

ՀՀ հարկային օրենսգրքի 368-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն՝ շահույթի բաշխման մեթոդ, որի դեպքում վերահսկվող գործարքին մասնակցող փոխկապակցված հարկ վճարողներից յուրաքանչյուրին հատկացվում է տվյալ գործարքից ստացված շահույթի կամ վնասի այն մասնաբաժինը, որը փոխկապակցված չհամարվող անձը կարող էր ակնկալել համադրելի չվերահսկվող գործարքին մասնակցելիս: Սույն կետի կիրառության իմաստով՝ գործարքից ստացվող շահույթ է համարվում այդ գործարքի գծով ստացվող եկամտի և դրա գծով ծախսերի դրական տարբերությունը:

Նույն հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի համաձայն՝ շահույթի բաշխման մեթոդը կարող է կիրառվել, մասնավորապես, երբ վերահսկվող գործարքները մեծապես ինտեգրված են, և հնարավոր չէ դրանք առանձին վերլուծել և (կամ) վերահսկվող գործարքի երկու կողմերն էլ արժեքավոր ոչ նյութական ակտիվներ են օգտագործել գործարքի իրականացման համար:

Շահույթի բաշխման մեթոդը կիրառելիս անհրաժեշտ է հստակեցնել այն համատեղ շահույթը, որն առաջացել է վերահսկվող գործարքներում, մասնավորապես`

Ա. համատեղ շահույթը, որոշ դեպքերում իրենից կարող է ներկայացնել վերահսկվող գործարքների իրականացման արդյունքում ստացված ընդհանուր շահույթը, կամ

Բ.  ընդհանուր շահույթի այն մնացորդային մասը, որը որևէ խելամիտ հիմքով հնարավոր չէ վերագրել վերահսկվող գործարքի կողմերից յուրաքանչյուրին:

ՀՀ հարկային օրենսգրքի 351-րդ հոդվածի 4-րդ մասի 4-րդ կետի համաձայն՝ Հարկային մարմնի կողմից անուղղակի եղանակով հարկման բազաների գնահատման (վերագնահատման) ու հարկային պարտավորությունների հաշվարկման ժամանակ կիրառվում են հետևյալ մեթոդները.

Շահույթի բաշխման մեթոդ՝ կախյալ հարկ վճարողների հարկման օբյեկտների գնահատման (վերագնահատման) համար որոշվում է շահույթի այն չափը, որը պետք է բաշխվեր գործարքի մասնակիցների միջև, եթե չլինեին կախյալ: Գործարքից ստացված շահույթի բաշխման մեթոդը նախատեսում է, որ գործարքին մասնակցող կախյալ հարկ վճարողներից յուրաքանչյուրին հատկացվում է տվյալ գործարքից ստացած ընդհանուր շահույթի (եկամտի կամ կրած վնասի) այնպիսի մաս, որը կախյալ չհամարվող անձը կարող էր ակնկալել համադրելի անկախ գործարքին մասնակցելիս: Շահույթի բաշխման մեթոդը կիրառվում է այն դեպքում, երբ գործարքների փոխկապակցվածությամբ պայմանավորված՝ հնարավոր չէ դրանք գնահատել առանձին:

Ինչպե՞ս է կիրառվում շահույթի բաշխման մեթոդը։

«Շահույթի բաշխման» մեթոդի կիրառման քայլերի հաջորդականությունը կարելի է հասկանալ ստորև օրինակով․

Ա և Բ փոխկապակցված ընկերությունները համագործակցում են նոր արտադրանքի ստեղծման և վաճառքի հարցում: Նրանք իրենց արտադրանքը վաճառում են $1,000,000 ընդհանուր եկամուտով և նրանց երկուսի կատարած ընդհանուր ծախսերը կազմում է $600,000:

1. Որոշել վերահսկվող գործարքների արդյունքում առաջացած համատեղ շահույթի չափը: Համատեղ շահույթի չափը որոշվում է փոխկապակցված ընկերությունների միջև կնքվող գործարքի գծով ստացվող եկամտի և դրա գծով ծախսերի դրական տարբերությամբ:

Համատեղ շահույթը = Ընդհանուր եկամուտ – Ընդհանուր ծախսեր = $1,000,000 – $600,000 = $400,000

2. Վերլուծել յուրաքանչյուր փոխկապակցված կողմի կատարած գործառույթները՝ համեմատելով դրանք փոխկապակցված չհամարվող կողմերի կատարած գործառույթների հետ:

Ընկերություն Ա-ն զբաղվում է հետազոտություններով, մշակմամբ և արտադրությամբ:

Ընկերություն Բ-ն Կառավարում է արտադրանքի մարքեթինգը, վաճառքը և շուկայական  բաշխումը:

3. Գնահատել յուրաքանչյուր կողմի օգտագործած ակտիվները (հումք, մարդկային կապիտալ, ոչ նյութական ակտիվներ և այլն):

Ընկերություն Ա-ն օգտագործում է առաջադեմ սարքավորումներ, հմուտ մարդկային կապիտալ զարգացման և արտադրական օբյեկտների համար:

Ընկերություն Բ-ն օգտագործում է վաճառքի արդյունավետ գործիքակազմ, արտադրանքի տեղաբաշխման արդյունավետ ուղիներ և բրենդը հասցնում ճանաչելիության (ոչ նյութական ակտիվ):

4. Գնահատել յուրաքանչյուր  փոխկապակցված կողմի կրած ռիսկերի մեծությունը:

Ընկերություն Ա-ն կրում է հետազոտությունների և արտադրանքի ձախողման ռիսկեր, գույքագրման, արտադրանքի թերությունների  և որակական ռիսկեր:

Ընկերություն Բ-ն կրում է շուկայական ռիսկեր (պահանջարկի տատանումներ), վճարումների ռիսկեր (հաճախորդների վճարումների չկատարում) և մրցակցային ռիսկեր:

5. Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ որոշել յուրաքանչյուր կողմի հարաբերական ներդրման (ավանդի) (contribution) չափը ընդհանուր արդյունքի ձևավորման մեջ:

Հիմնվելով կատարած գործառույթների, ներդրած ակտիվների և ռիսկերի վերլուծության վրա՝ ենթադրենք.

– Ա ընկերության ներդրումը կազմում է 60%:

– Բ ընկերության ներդրումը կազմում է 40%:

6. Բաշխել համատեղ շահույթը՝ հիմնվելով կողմերի հարաբերական ներդրման (ավանդի) (contribution) վրա:

– Ա ընկերության շահույթի մասնաբաժինը՝ $400,000-ի 60% = $240,000

– Բ ընկերության շահույթի մասնաբաժինը՝ $400,000-ի 40% = $160,000

7. Որոշել փոխկապակցված կողմերի միջև կնքված գործարքի տրանսֆերային գինը:

Ա ընկերությունը վաճառում է արտադրանքը Բ ընկերությանը, որն այնուհետև այն վաճառում է վերջնական հաճախորդներին: Ենթադրենք, Ա ընկերության ծախսերը արտադրանքի ստեղծման համար կազմում են $300,000, իսկ շահույթի մասնաբաժինը՝ $240,000:

Տրանսֆերային գին = Ա ընկերության կողմից կատարված ծախսերը + Ա ընկերության մասնաբաժինը շահույթում

Հետևաբար Ա ընկերությունից Բ ընկերությանը վաճառվող արտադրանքի տրանսֆերային գինը կկազմի՝

Տրանսֆերային գին = $300,000 + $240,000 = $540,000

«Շահույթի բաշխման» մեթոդի ճիշտ կիրառումը կարող է ապահովել շահույթի արդարացի բաշխում կողմերի միջև՝ միաժամանակ օպտիմալացնելով ընկերությունների հարկային պարտավորությունները: Retrieve Legal and Tax-ի մասնագետները կարող են օգնել ձեզ ընտրել ձեր բիզնեսին առավել նպատակահարմար տրանսֆերային գնագոյացման մեթոդը՝ պահպանելով պարզած ձեռքի հեռավորության սկզբունքի չափանիշները և օրենսդրական այլ պահանջները:

Свяжитесь с нами