2 նոյեմբերի, 2026 թ. 9 րոպե

Հայաստանում գրանցված գործատու . ինչպես կարող են օտարերկրյա ընկերությունները աշխատանքի ընդունել օտարերկրյա աշխատակիցների առանց տեղական իրավաբանական անձ հիմնելու

Employer of record

Հայաստանը դարձել է գրավիչ ուղղություն այն միջազգային ընկերությունների համար, որոնք ձգտում են ներգրավել հմուտ, երկլեզու և մրցունակ աշխատուժ, հատկապես տեխնոլոգիական ոլորտում։ Սակայն Հայաստանում աշխատակիցներին աշխատանքի ընդունելը պահանջում է համապատասխանել գործող աշխատանքային, հարկային և կարգավորող պահանջներին, և օտարերկրյա ընկերությունները պետք է գնահատեն՝ արդյոք անհրաժեշտ է հիմնել տեղական իրավական ներկայություն, թե ոչ ։

Այն ընկերությունների համար, որոնք փորձարկում են շուկան կամ ցանկանում են աշխատանքի ընդունել սահմանափակ թվող աշխատակիցների, գրանցված գործատուի ձևաչափը, կախված գործունեության բնույթից և կառուցվածքից, կարող է լինել տեղական կազմակերպություն հիմնելու գործնական այլընտրանք։

Սույն հոդվածում քննարկվում են գրանցված գործատուի մոդելը, դրա գործնական կիրառումը Հայաստանում, կիրառելի աշխատանքային և կարգավորող պահանջները, առնչվող ծախսերը, ինչպես նաև այն հիմնական իրավական հարցերը, որոնք օտարերկրյա ընկերությունները պետք է գնահատեն՝ նախքան Հայաստանում իրենց առաջին աշխատակցին աշխատանքի ընդունելը։

Ի՞նչ է <<գրանցված գործատուն>>

Գրանցված գործատուն տեղական ծառայություն մատուցող է, որը ընկերության անունից պաշտոնապես աշխատանքի է ընդունում աշխատողներին, մինչդեռ հաճախորդ ընկերությունը, որպես կանոն, ղեկավարում է նրանց ամենօրյա աշխատանքը, նախագծերը և արդյունավետությունը։ Գրանցված գործատուն զբաղվում է աշխատանքային պայմանագրերի կնքմամբ, աշխատավարձերի հաշվարկով, հարկերի պահումով, օրենքով սահմանված նպաստներով և տեղական աշխատանքային օրենսդրության պահանջների կատարմամբ՝ հանդես գալով որպես իրավական գործատու՝ կիրառելի աշխատանքային պայմանավորվածությունների շրջանակում։

Ի տարբերություն Պրոֆեսիոնալ գործատուների կազմակերպության (PEO), որը սովորաբար գործում է համատեղ աշխատանքի (co-employment) մոդելով, գրանցված գործատուն, որպես կանոն, հանդես է գալիս որպես պաշտոնական գործատու՝ առանց հաճախորդ ընկերությունից պահանջելու ստեղծել տեղական կազմակերպություն։ Հայաստանի օրենսդրությունը գրանցված գործատուի համաձայնագրերը հստակորեն չի կարգավորում որպես առանձին իրավական կատեգորիա։ Հետևաբար, դրանց նկատմամբ կիրառվում են Հայաստանի աշխատանքային, քաղաքացիական և հարկային օրենսդրության ընդհանուր դրույթները։

Գրանցված գործատուի համաձայնագրերը պետք է տարբերակել նաև անկախ կապալառուների (independent contractors) ներգրավումից։ Օտարերկրյա ընկերությունները կարող են Հայաստանում ներգրավել անկախ կապալառուների՝ առանց տեղական կազմակերպություն հիմնելու։ Սակայն եթե հարաբերությունների փաստացի բնույթն աշխատանքային է, դրանք կարող են վերաորակվել Հայաստանի աշխատանքային օրենսդրության համաձայն։ Պատշաճ կառուցվածքով գրանցված գործատուի համաձայնագիրը կարող է նվազեցնել այս ռիսկը՝ ձևավորելով պաշտոնական աշխատանքային հարաբերություններ, սակայն այն ինքնաբերաբար չի վերացնում բոլոր իրավական և կարգավորող ռիսկերը։

Ինչո՞ւ դիտարկել գրանցված գործատուի մոդելը տեղական կազմակերպություն հիմնելու փոխարեն

Հայաստանում իրավաբանական անձ հիմնելը շատ երկրների համեմատ ավելի պարզ է։ Օտարերկրյա սեփականությունը, որպես կանոն, թույլատրվում է առանց սահմանափակումների, իսկ առևտրային կազմակերպության պետական գրանցումը սովորաբար կարող է իրականացվել անհրաժեշտ փաստաթղթերը ներկայացնելուց հետո՝ մեկ-երկու աշխատանքային օրվա ընթացքում։ Այդուհանդերձ, տեղական կազմակերպություն հիմնելը և գործունեություն իրականացնելը ենթադրում են շարունակական պարտավորություններ, այդ թվում՝ հաշվապահական հաշվառում, հարկային հաշվետվություններ, աշխատավարձի վարչարարություն և կիրառելի կորպորատիվ ու աշխատանքային օրենսդրության պահանջների կատարում։

Գրանցված գործատուն կարող է պարզեցնել և արագացնել աշխատակիցների ընդունման գործընթացը՝ օտարերկրյա ընկերություններին հնարավորություն տալով աշխատակիցներ ներգրավել գործող հայկական իրավաբանական անձի միջոցով։ Փաստաթղթերը պատրաստ լինելուց հետո աշխատակցի ընդգրկումը գրանցված գործատուի միջոցով կարող է իրականացվել համեմատաբար կարճ ժամկետում՝ կախված մատակարարի ընթացակարգերից և աշխատակցի հանգամանքներից։ Օտարերկրյա քաղաքացիների դեպքում կարող են անհրաժեշտ լինել լրացուցիչ ժամանակ և թույլտվություններ, ինչպես նշված է ստորև․

Գրանցված գործատուի համաձայնագիրը առավել նպատակահարմար է, երբ ընկերությունը՝

  • ցանկանում է Հայաստանում աշխատանքի ընդունել մեկ կամ մի քանի աշխատակցի՝ առանց լիարժեք դուստր ընկերություն հիմնելու պարտավորության;
  • փորձարկում է շուկան՝ նախքան երկարաժամկետ ներդրման մասին որոշում կայացնելը;
  • պետք է արագ գործի կոնկրետ աշխատակցի աշխատանքի ընդունման հարցում (տարածված իրավիճակ է տեխնոլոգիական ոլորտի հավաքագրման ժամանակ);
  • ցանկանում է պարզեցնել տեղական աշխատանքային վարչարարությունը և համապատասխանության պարտավորությունները՝ առանց սեփական հայկական իրավաբանական անձ հիմնելու։

Տեղական կազմակերպությունն  առավել նպատակահարմար է դառնում այն դեպքում, երբ աշխատակիցների թվաքանակն այնքան է մեծանում, որ մեկ աշխատակցի հաշվով գրանցված գործատուի վճարները գերազանցում են սեփական աշխատավարձային և ՄՌ ծառայություն ունենալու ծախսերը, կամ երբ գործունեության մասշտաբն ու բնույթը հիմնավորում են Հայաստանում ուղղակի իրավական ներկայության ստեղծումը։

Ինչպե՞ս է աշխատում գրանցված գործատուի միջոցով աշխատանքի ընդունումը Հայաստանում

1. Դուք ընտրում եք թեկնածուին։ Աշխատակիցների հավաքագրման և ընդունելու վերջնական որոշումը, որպես կանոն, մնում են օտարերկրյա հաճախորդ ընկերությանը՝ գրանցված գործատուի հետ համաձայնեցված պայմանավորվածությունների շրջանակում։

2. Գրանցված գործատուն կնքում է աշխատանքային պայմանագիրը։ Հայաստանի օրենսդրության համաձայն՝ աշխատանքային պայմանագրերը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքին, ինչպես նաև դրանց ձևին և բովանդակությանը վերաբերող կիրառելի պահանջներին։ Աշխատանքային պայմանագրերի թվային համակարգի պարտադիր կիրառումը հետաձգվել է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը։ Մինչև այդ ամսաթիվը աշխատանքային պայմանագրերը կարող են կնքվել նաև թվային համակարգի միջոցով՝ կամավոր հիմունքներով։

3. Գրանցված գործատուն աշխատակցին գրանցում է Պետական եկամուտների կոմիտեում (ՊԵԿ) կիրառելի օրենսդրական պահանջներին համապատասխան, որպես կանոն՝ աշխատակցի աշխատանքի անցնելուն նախորդող աշխատանքային օրվա ավարտից ոչ ուշ, օրենքով նախատեսված բացառություններով։

4. Աշխատավարձի հաշվարկը և օրենքով սահմանված պահումները ամսական կտրվածքով իրականացնում է գրանցված գործատուն, որը նաև կառավարում է աշխատանքային հարաբերություններից բխող կիրառելի պարտավորությունները՝ ներառյալ նպաստները, արձակուրդները և աշխատանքային հարաբերությունների դադարեցումը՝ Հայաստանի աշխատանքային օրենսդրությանը համապատասխան։

5. Դուք ղեկավարում եք աշխատակցի փաստացի աշխատանքը։ Օտարերկրյա հաճախորդ ընկերությունը, որպես կանոն, ղեկավարում է աշխատակցի ամենօրյա առաջադրանքները, նպատակներն ու արդյունավետությունը՝ գրանցված գործատուի հետ պայմանագրային պայմանավորվածությունների շրջանակում և առանց վնասելու գրանցված գործատուին։

Աշխատավարձ, հարկեր և օրենքով սահմանված նպաստներ

Հայաստանի աշխատավարձային համակարգը գրանցված գործատուի շուկաների մեծ մասի համեմատ ավելի պարզ է․ գործատուի կողմից վճարվող առանձին սոցիալական հարկ չկա։ Սակայն գործատուները պատասխանատու են Հայաստանի օրենսդրությանը համապատասխան կիրառելի հարկերի և պարտադիր վճարների հաշվարկման, պահման և փոխանցման համար։ Ստորև ներկայացված են հիմնական ցուցանիշները, որոնք օտարերկրյա գործատուները պետք է իմանան՝

  • Եկամտային հարկ: 20% հաստատուն դրույքաչափ, որը պահվում է աշխատողի աշխատավարձից
  • Կենսաթոշակային վճարներ: որպես կանոն՝ ամսական աշխատավարձի 5%-ը՝ մինչև 500,000 ՀՀ դրամ աշխատավարձի դեպքում, և աշխատավարձի 10%-ը՝ հանած 25,000 ՀՀ դրամ՝ ավելի բարձր աշխատավարձերի դեպքում, ամսական առավելագույնը 87,500 ՀՀ դրամ վճարի սահմանաչափով։
  • Դրոշմանիշային վճար (զինվորական): ամսական ֆիքսված պահում՝ 1,000 ՀՀ դրամ՝ մինչև 1,000,000 ՀՀ դրամ աշխատավարձի դեպքում և 15,000 ՀՀ դրամ՝ ավելի բարձր աշխատավարձերի դեպքում։
  • Առողջության ապահովագրություն: 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանում փուլային կարգով ներդրվում է առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգ։ Օրենքով սահմանված ապահովագրավճարը կազմում է ամսական 10,800 ՀՀ դրամ, սակայն աշխատողի կողմից վճարվող գումարը կախված է նրա աշխատավարձից, իրավասությունից և կիրառելի պետական սուբսիդիաներից։
  • Նվազագույն աշխատավարձ: ամսական 75,000 ՀՀ դրամ՝ 2026 թվականի դրությամբ։
  • Ամենամյա վճարովի արձակուրդ: օրենքով սահմանված նվազագույնը՝ 20 աշխատանքային օր՝ հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում, կամ 24 աշխատանքային օր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում։
  • Հղիության և ծննդաբերության արձակուրդ: որպես կանոն՝ 140 օր, իսկ օրենքով նախատեսված դեպքերում՝ ավելի երկար ժամկետով։
  • Ստանդարտ աշխատանքային շաբաթ: 40 ժամ՝ օրենքով սահմանված բացառություններով։

Օտարերկրյա քաղաքացիների աշխատանքի ընդունումը Հայաստանում

Եթե թեկնածուն Հայաստանի քաղաքացի չէ, գործընթացը կարող է ներառել լրացուցիչ միգրացիոն և աշխատանքի թույլտվության պահանջներ՝ կախված անձի քաղաքացիությունից, բնակության կարգավիճակից և կիրառելի օրենսդրական բացառություններից։

«Օտարերկրացիների մասին» օրենքում կատարված այն փոփոխություններից հետո, որոնք ուժի մեջ են մտել 2026 թվականի նոյեմբերի 1-ից, Հայաստանում էական փոփոխություններ են մտցվել օտարերկրյա քաղաքացիների աշխատանքը և բնակությունը կարգավորող իրավական շրջանակում։ Վերանայված շրջանակը ներառում է՝

  • աշխատանքի թույլտվության վերանայված համակարգ, ներառյալ օտարերկրյա աշխատողների համար տարեկան քվոտաները կարգավորող դրույթները;
  • աշխատանքի նպատակով մուտքի հատուկ վիզա՝ համապատասխան վիզային պահանջներին ենթակա օտարերկրյա քաղաքացիների համար;
  • աշխատանքի հետ կապված միգրացիոն դիմումների ներկայացման և մշակման համար միասնական էլեկտրոնային հարթակի կիրառում։

Օտարերկրյա քաղաքացիները Հայաստանում կարող են աշխատանքի ընդունվել անհրաժեշտ թույլտվություններ ստանալու պայմանով, եթե կիրառելի օրենսդրական բացառությունը չի թույլատրում աշխատել առանց դրանց։

Գրանցված գործատուն կարող է հանդես գալ որպես իրավական գործատու և օտարերկրյա հաճախորդ ընկերության անունից իրականացնել աշխատանքի թույլտվության և միգրացիոն համապատասխան ընթացակարգերը։ Սակայն գրանցված գործատուի ներգրավումը գործատուին կամ աշխատողին չի ազատում միգրացիոն պահանջների կատարումից։ Մշակման ժամկետները կախված են համապատասխան թույլտվության ընթացակարգից և անձի հանգամանքներից։

Համապատասխանության ռիսկեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել

Հայաստանում աշխատակիցներ ընդունող օտարերկրյա ընկերությունների համար առավել հաճախ նշվող ռիսկերն են՝

  • Աշխատողի սխալ դասակարգում: ըստ էության աշխատող հանդիսացող անձին որպես կապալառուի դիտարկելը։
  • Աշխատանքային հարաբերությունների ոչ պատշաճ դադարեցում: Հայաստանի աշխատանքային իրավունքը սահմանում է աշխատանքային հարաբերությունների դադարեցման կոնկրետ նյութական հիմքեր և ընթացակարգային պահանջներ։
  • Աշխատանքային պայմանագրի ձևակերպման պահանջներ: աշխատանքային պայմանագրերի կնքմանը, գրանցմանը և փաստաթղթավորմանը վերաբերող կիրառելի պահանջները չպահպանելը։
  • Աշխատանքային պարտավորությունների բաշխում: Գրանցված գործատուի և օտարերկրյա հաճախորդ ընկերության համապատասխան պարտավորությունները հստակ չեն սահմանվում, մասնավորապես աշխատակցի կառավարման, վարձատրության և աշխատանքային հարաբերությունների դադարեցման հարցերում։
  • Մշտական հաստատություն և հարկային ռիսկեր: Հայաստանում իրականացվող գործունեության բնույթից կախված՝ աշխատակիցների ներգրավումը գրանցված գործատուի միջոցով կարող է օտարերկրյա ընկերության համար առաջացնել հարկային պարտավորություններ կամ մշտական հաստատության ռիսկեր։
  • Տվյալների պաշտպանություն և գաղտնիություն: աշխատողների անձնական տվյալների մշակում կամ փոխանցում՝ տվյալների պաշտպանության կիրառելի պահանջները չպահպանելով։
  • Մտավոր սեփականության իրավունքներ․ աշխատողների աշխատանքի արդյունքում ծագող մտավոր սեփականության իրավունքների պատկանելության և փոխանցման ոչ պատշաճ կարգավորում։

Գրանցված գործատուն կարող է օգնել աշխատանքային հարաբերություններից բխող համապատասխանության պարտավորությունների կառավարմանը։ Սակայն գրանցված գործատուի օգտագործումն ինքնաբերաբար չի վերացնում օտարերկրյա ընկերության հնարավոր իրավական կամ հարկային ռիսկերը։ Պարտականությունների բաշխումը պետք է հստակ սահմանվի պայմանագրային պայմանավորվածություններում և գնահատվի Հայաստանի կիրառելի օրենսդրության լույսի ներքո։

Որքա՞ն են գրանցված գործատուի ծառայությունների արժեքները

Գրանցված գործատուի ծառայությունների արժեքները Հայաստանում տարբերվում են՝ կախված ծառայություն մատուցողից, աշխատակիցների քանակից և մատուցվող ծառայությունների շրջանակից։ Մատակարարները, որպես կանոն, յուրաքանչյուր աշխատակցի համար գանձում են ծառայության վճար՝ կիրառելի աշխատանքային ծախսերից բացի, ներառյալ համախառն աշխատավարձը և օրենքով սահմանված պարտադիր վճարները։

Լրացուցիչ վճարներ կարող են գանձվել այնպիսի ծառայությունների համար, ինչպիսիք են միգրացիոն աջակցությունը, աշխատակիցների նպաստների վարչարարությունը և աշխատանքային հարաբերությունների դադարեցման աջակցությունը։ Ուստի օտարերկրյա ընկերությունները պետք է պահանջեն կիրառելի ծախսերի մանրամասն բաշխում և համեմատեն մատակարարներին՝ ելնելով իրենց կոնկրետ կարիքներից։

Գրանցված գործատուի ծառայություններ մատուցողների ընտրությունը

Հայաստանի համար գրանցված գործատուի ծառայություններ մատուցողի ընտրելիս հաշվի առեք՝

  • Տեղական գրանցում և աշխատանքային փորձ: Արդյո՞ք ծառայություն մատուցողը պատշաճ կերպով գրանցված է Հայաստանում և հանդես է գալիս որպես իրավական գործատու, թե՞ գործատուի ծառայություններ մատուցելու համար հենվում է երրորդ կողմի կազմակերպության վրա։
  • Օրենքով սահմանված ծախսերի և ծառայության վճարների թափանցիկություն: Համոզվեք, որ գնային առաջարկներում աշխատանքային հարաբերություններից բխող պարտադիր ծախսերը և օրենքով սահմանված վճարները հստակ առանձնացված են ծառայություն մատուցողի սեփական ծառայության վճարներից։
  • Միգրացիոն հարցերում փորձառություն: Եթե աշխատանքի եք ընդունում օտարերկրյա քաղաքացիների, հատուկ հարցրեք ծառայություն մատուցողի փորձի մասին՝ աշխատանքի թույլտվության, բնակության և միգրացիոն  ընթացակարգերի առնչությամբ։
  • Աշխատանքային հարաբերությունների դադարեցման և համապատասխանության աջակցություն: Քանի որ աշխատանքային հարաբերությունների ոչ պատշաճ դադարեցումն աշխատանքային ոլորտի էական ռիսկ է, հարցրեք, թե ինչպես է ծառայություն մատուցողը կազմակերպում աշխատակցի հեռացման գործընթացը և ապահովում Հայաստանի աշխատանքային օրենսդրության պահանջների պահպանումը։
  • Աշխատակցի ընդգրկման արագություն: Հաստատեք իրատեսական ժամկետներ ինչպես տեղացի, այնպես էլ օտարերկրյա աշխատակիցների համար։
  • Պայմանագրային պարտականություններ և պատասխանատվություն: Համոզվեք, որ պայմանագիրը հստակ բաշխում է կողմերի համապատասխան պարտականությունները, ներառյալ աշխատանքային վարչարարությունը, աշխատակցի կառավարումը, աշխատանքային հարաբերությունների դադարեցման ընթացակարգերը և անհամապատասխանության համար պատասխանատվությունը։
  • Տվյալների պաշտպանություն և մտավոր սեփականություն: Ստուգեք, որ առկա են պատշաճ պայմանագրային երաշխիքներ՝ գաղտնի տեղեկատվության, անձնական տվյալների և աշխատանքային գործունեության ընթացքում ստեղծված մտավոր սեփականության պաշտպանության համար։
  • Ամփոփում

Հայաստանում սահմանափակ թվով աշխատակիցների աշխատանքի ընդունել ցանկացող օտարերկրյա ընկերությունների համար գրանցված գործատուն կարող է լինել տեղական կազմակերպություն հիմնելու գործնական և արդյունավետ այլընտրանք, հատկապես այն դեպքում, երբ ընկերությունը մտադիր չէ Հայաստանում պահպանել մշտական գործառնական ներկայություն։

Գրանցված գործատուի համաձայնագրերը կարող են պարզեցնել աշխատանքային վարչարարությունը և նպաստել տեղական աշխատանքային ու միգրացիոն պահանջների կատարմանը։ Սակայն դրանք ինքնաբերաբար չեն վերացնում օտարերկրյա ընկերության հնարավոր իրավական, հարկային կամ կարգավորող պարտավորությունները։

Աշխատակիցների թվաքանակի աճին զուգընթաց, կամ երբ տեղական գործունեության բնույթն ու մասշտաբը փոփոխվում են, պետք է պարբերաբար վերագնահատել, թե արդյոք տեղական կազմակերպության հիմնումը ավելի նպատակահարմար և ծախսերի տեսանկյունից արդյունավետ կլինի, քան գրանցված գործատուի համաձայնագրի շարունակական կիրառումը։

Օգտագործված աղբյուրներ

  1. Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգիրք, 2004 թվականի նոյեմբերի 9, փոփոխություններով և լրացումներով։
  2. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրք, 1998 թվականի մայիսի 5, փոփոխություններով և լրացումներով։
  3. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգիրք, 2016 թվականի հոկտեմբերի 4, փոփոխություններով և լրացումներով։
  4. Հայաստանի Հանրապետության «Օտարերկրացիների մասին» օրենք, 2006 թվականի դեկտեմբերի 25, փոփոխություններով և լրացումներով։
  5. Հայաստանի Հանրապետության «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենք, 2010 թվականի դեկտեմբերի 22, փոփոխություններով և լրացումներով։
  6. Հայաստանի Հանրապետության «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» օրենք, 2003 թվականի դեկտեմբերի 17, փոփոխություններով և լրացումներով։
  7. Հայաստանի Հանրապետության «Առողջության համընդհանուր ապահովագրության մասին» օրենք, 2025 թվականի դեկտեմբերի 17։
  8. Հայաստանի Հանրապետության «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենք, 2015 թվականի մայիսի 18, փոփոխություններով և լրացումներով։
  9. Հայաստանի Հանրապետության «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենք, 2006 թվականի հունիսի 15, փոփոխություններով և լրացումներով։
  10. ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 410-Ն որոշում՝ էլեկտրոնային աշխատանքային պայմանագրերի համակարգի վերաբերյալ, փոփոխություններով։

Կապ մեզ հետ