25 նոյեմբերի, 2026 թ. 6 րոպե

Հնարավո՞ր է արդյոք Հայաստանում ստանալ կացության թույլտվություն գրանցելով ընկերություն․ ինչ են ստուգում պետական մարմինները

Armenian residence
Լիա Նիկողոսյան, Ավագ իրավաբան

Կարճ պատասխան՝ այո, հայկական ընկերությունը կամ անհատ ձեռնարկատիրությունը կարող է հիմք հանդիսանալ Հայաստանում բիզնեսի միջոցով կացության թույլտվություն ստանալու համար, սակայն միայն գրանցումը բավարար չէ։ Բիզնեսը պետք է համապատասխանի 2026 թվականի նոյեմբերի 1-ից գործող ֆինանսական շեմերին և թույլտվությունը ստանալուց հետո շարունակի իրականացնել հարկվող գործունեություն։

Ստորև ներկայացնում ենք, թե ինչ է այժմ ստուգում Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը, ինչպես է ընթանում դիմումի գործընթացը և որտեղ են օտարերկրացի հիմնադիրներն առավել հաճախ սխալվում։

Ընկերության գրանցումը և Հայաստանում կացությունը՝ երկու առանձին քայլ

Ընկերության գրանցումը և կացությունը տարբեր օրենքներով կարգավորվող առանձին ընթացակարգեր են։ Պետական ռեգիստրում գրանցումը ստեղծում է ընկերությունը և նրան տալիս հարկ վճարողի հաշվառման համար, սակայն որևէ միգրացիոն կարգավիճակ չի տրամադրում։ Կացության համար անհրաժեշտ է առանձին դիմում՝ «ձեռնարկատիրական գործունեության» հիմքով, «Օտարերկրացիների մասին» օրենքի համաձայն, ինչպես այն փոփոխվել է 2026 թվականի հունվարի 20-ի ՀՕ-11-Ն օրենքով։

Օրենքի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեությունը կարող է հիմք հանդիսանալ կացության համար։ Շեմերին համապատասխանելը Ձեզ իրավունք է տալիս դիմելու, սակայն որոշումը մնում է միգրացիոն ծառայության հայեցողությանը։ 2026 թվականի նոյեմբերի 1-ից առաջ ներկայացված դիմումները շարունակում են քննվել նախկին կանոններով։

Բիզնեսի հիման վրա կացություն Հայաստանում՝ նոր ֆինանսական շեմերը

Անհրաժեշտ է բավարարել հետևյալ պայմաններից առնվազն մեկին՝

  • Ընկերության մասնակից կամ բաժնետեր՝ հայկական առևտրային կազմակերպության կանոնադրական կապիտալում ներդրված առնվազն 2 000 000 ՀՀ դրամ, կամ առնվազն այդ չափի արժեք ունեցող բաժնետոմսեր կամ արժեթղթեր։
  • Անհատ ձեռնարկատեր՝ բիզնես հաշիվներում առնվազն 1 000 000 ՀՀ դրամ, կամ դիմումից առաջ 60 օրվա ընթացքում առնվազն 1 000 000 ՀՀ դրամ շրջանառություն։

Եթե դեռ ընտրում եք կազմակերպաիրավական ձևը, տե՛ս ՍՊԸ, բաժնետիրական ընկերություն և անհատ ձեռնարկատեր ձևերի մեր համեմատությունը Հայաստանում։

Ինչ են ստուգում պետական մարմինները բիզնեսի միջոցով կացության թույլտվության համար

  • Իրապես վճարված կապիտալ։ Ստուգվում է ներդրված, այլ ոչ թե կանոնադրությամբ պարզապես հայտարարված կապիտալը։ Անվանական կապիտալով գրանցված ընկերությունը չի բավարարում պահանջին, քանի դեռ կապիտալը չի ավելացվել նրա հայկական բանկային հաշվին։ Հաշիվը բացեք շուտ․ տե՛ս Հայաստանում կորպորատիվ բանկային հաշիվ բացելու մեր ուղեցույցը։
  • Իրար համընկնող տվյալներ։ Դիմումները ներկայացվում են mcs-permits.am հարթակում, և Միգրացիոն ծառայությունը կարող է դրանք համադրել Պետական ռեգիստրի, Պետական եկամուտների կոմիտեի և Կենտրոնական դեպոզիտարիայի տվյալների հետ։ Մասնակցության կառուցվածքի անհամապատասխանությունը, չվճարված կապիտալը կամ ոչ գործուն հարկային հաշիվը սովորաբար հանգեցնում են լրացուցիչ փաստաթղթերի պահանջի կամ մերժման։
  • Հարկային հետք՝ հաստատումից հետո։ Եթե կացության կարգավիճակը տրամադրվելուց հետո 180 օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի տվյալներում բիզնեսից որևէ հարկ չի երևում, կարգավիճակը համարվում է անվավեր։ Թե ինչպես է դա կիրառվում պասիվ բաժնետիրոջ նկատմամբ, պրակտիկայում դեռ հստակ չէ, ուստի խորհուրդ ենք տալիս, որ ընկերությունը սկզբից հաշվետվություններ ներկայացնի և հարկեր վճարի։
  • Կապիտալը պետք է մնա տեղում։ Կարգավիճակից զրկվում  է նաև, եթե կապիտալը հանվում է կամ նվազում է է 1 000 000 ՀՀ դրամից։ Դա տեղի չի ունենում, եթե արդեն ունեք համարժեք ներդրում Հայաստանի մեկ այլ ընկերությունում, կամ եթե կապիտալը մեկ ամսվա ընթացքում կրկին ներդնում եք հայկական մեկ այլ ընկերությունում։
  • Կամ մնացորդը, կամ շրջանառությունը։ Անհատ ձեռնարկատերերի համար այս երկու պայմանները փոխարինելի են։ Բիզնես հաշիվներում պահվող 1 000 000 ՀՀ դրամն ինքնին բավարար է, և շրջանառություն չի պահանջվում։ Շրջանառությունն էական է միայն այն դեպքում, երբ դրան եք հիմնվում մնացորդի փոխարեն. այդ դեպքում այն հաշվարկվում է դիմումը ներկայացնելուց առաջ 60 օրվա կտրվածքով։ Սակայն նկատի ունեցեք, որ եթե կարգավիճակը տրամադրվելուց հետո 180 օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի տվյալներում բիզնեսից հաշվարկված հարկեր չեն երևում, կարգավիճակը կարող է անվավեր ճանաչվել։ Այլ կերպ ասած՝ դիմելու համար շրջանառությունը պարտադիր չէ, սակայն կարգավիճակ ստանալուց հետո անհատ ձեռնարկատերը պետք է իրականացնի իրական, հարկվող գործունեություն։

Հայաստանում սեփական ընկերությունում աշխատելը

Բարեփոխումով վերացավ օտարերկրյա մասնակցությամբ 50% և ավելի ընկերությունների հիմնադիրների ու տնօրենների համար նախկինում գործող՝ աշխատանքի թույլտվությունից ընդհանուր ազատումը։ Սակայն բիզնես հիմքով ժամանակավոր կացություն ունեցող օտարերկրացին կարող է աշխատանքային պայմանագրեր կնքել առանց առանձին աշխատանքի թույլտվության՝ քանի դեռ կարգավիճակը գործում է։ Գործնականում բիզնես հիմքով կարգավիճակ ունեցող հիմնադիրը կարող է նաև աշխատել որպես ընկերության տնօրեն։ Կացության կարգավիճակ չունեցող օտարերկրացի տնօրենը պետք է ունենա կամ այս կարգավիճակը, կամ աշխատանքային հիմքով կացության թույլտվություն։

Քայլ առ քայլ՝ ընկերությունից մինչև Հայաստանի կացության քարտ

  1. Ընտրեք ուղին՝ մասնակցություն ընկերությանը կամ անհատ ձեռնարկատիրություն։
  2. Գրանցեք բիզնեսը։ Փաստաթղթերի և ժամկետների մասին տե՛ս ինչպես կարող է օտարերկրացին  բիզնես սկսել Հայաստանում ակնարկը։
  3. Ֆինանսավորեք բիզնեսը հայկական բանկային հաշվի միջոցով և պահպանեք քաղվածքները։
  4. Դիմում ներկայացրեք mcs-permits.am հարթակում։ Ընկերության դեպքում օտարերկրյա սեփականատիրոջ փոխարեն դիմումը ներկայացնում է ընկերության տնօրենը (գործադիր մարմնի ղեկավարը), իսկ անհատ ձեռնարկատերը դիմում է անձամբ։ Օտար լեզվով փաստաթղթերը պետք է ունենան հավաստի հայերեն թարգմանություն։
  5. Վճարեք 150 000 ՀՀ դրամ պետական տուրքը, որը դիմումի մերժման դեպքում չի վերադարձվում։ Մանրամասների համար տե՛ս Հայաստանի կացության կարգավիճակի նոր հարթակը՝ ով կարող է դիմել, ինչպես և ինչ արժեքով։
  6. Ստացեք կացության քարտն անձամբ՝ հաստատումից հետո։ Միգրացիոն ծառայությունը սովորաբար որոշում է կայացնում 30 օրվա ընթացքում։

Երկարաձգումը և մշտական կացությունը Հայաստանում

Ժամանակավոր կացությունը տրվում է առավելագույնը մեկ տարի ժամկետով։ Այնուհետև նույն հիմքով դիմում եք նոր կարգավիճակի համար՝ ապացուցելով, որ բիզնեսը շարունակում է գործել։ Յուրաքանչյուր դիմում նաև հաշվառվում է Կառավարության տարեկան քվոտայում։ Բիզնեսի հիմքով մշտական կացության համար պահանջվում է նախորդ հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի ժամանակավոր կացություն։ Կացություն ունեցողները նաև պետք է Միգրացիոն ծառայությանը տեղեկացնեն Հայաստանից բացակայության 183 օրը լրանալուց հետո 10 օրվա ընթացքում։

Սխալներ, որ հաճախ թույլ են տալիս օտարերկրացի հիմնադիրները

  • Կապիտալը հայտարարելը՝ առանց այն վճարելու, կամ վճարումը հայտարարագրի ներկայացումից հետո կատարելը։
  • Ընկերությունը ոչ գործուն թողնելը հաստատումից հետո, ինչի հետևանքով 180 օրվա ընթացքում հարկային գրառում չի երևում։
  • Միջոցների դուրսբերում՝ առանց հաշվի առնելու մեկամսյա կրկին ներդրման կանոնը։
  • Դիմելը «տեսնենք՝ ինչ կլինի» սկզբունքով։ Ավելի բարձր, չվերադարձվող տուրքը թույլ հայտերը ծախսատար է դարձնում։։

Բիզնես և կացություն Հայաստանում՝ հիմնական եզրակացությունները

Բիզնեսը դեռևս կարող է Ձեզ համար Հայաստանի կացություն ապահովել։ Սակայն պետական մարմիններն այժմ ստուգում են՝ արդյոք առկա է իրական, ֆինանսավորված և հարկային առումով տեսանելի գործունեություն, և արդյոք այն կշարունակվի։ Դիմելուց առաջ կապիտալի, հարկային հետքի և ընկերությունում Ձեր դերի պլանավորումն է, որ տարբերություն է ստեղծում։

Կացության և միգրացիոն հարցերով մեր իրավաբանները համագործակցում են կորպորատիվ իրավունքի թիմի հետ՝ ընկերությունն ու դիմումը միասին կառուցվածքավորելու համար։ Եթե նախատեսում եք բիզնես հիմքով դիմում, դիմելուց առաջ նշանակեք խորհրդատվություն։ Եթե փոխարենը դիտարկում եք անշարժ գույքը, տեսեք՝ արդյոք կարող եք կացություն ստանալ Հայաստանում անշարժ գույք գնելով։

Հաճախ տրվող հարցեր բիզնես հիմքով կացության վերաբերյալ

Արդյո՞ք Հայաստանում ընկերություն գրանցելն ինքնաբերաբար ինձ կացություն է տալիս։

Ոչ։ Գրանցումը միայն ստեղծում է ընկերությունը։ Կացության համար անհրաժեշտ է առանձին դիմում բիզնես հիմքով, որը համապատասխանում է նոր ֆինանսական շեմերին։

Որքա՞ն է Հայաստանում բիզնեսի միջոցով կացության թույլտվության համար նվազագույն ներդրումը։

Առնվազն 2 000 000 ՀՀ դրամ՝ ընկերության կանոնադրական կապիտալում, կամ այդ արժեքի բաժնետոմսեր կամ արժեթղթեր։ Անհատ ձեռնարկատերի համար՝ բիզնես հաշիվներում 1 000 000 ՀՀ դրամ կամ դիմելուց առաջ 60 օրվա ընթացքում 1 000 000 ՀՀ դրամ շրջանառություն։

Կարո՞ղ եմ աշխատել որպես իմ սեփական ընկերության տնօրեն։

Այո։ Եթե ունեք բիզնես հիմքով ժամանակավոր կացություն, կարող եք աշխատել Հայաստանում, այդ թվում՝ որպես Ձեր ընկերության տնօրեն, առանց աշխատանքային հիմքով առանձին թույլտվության՝ քանի դեռ կարգավիճակը գործում է։

Կարո՞ղ եմ կորցնել բիզնես հիմքով կացությունը դրա տրամադրումից հետո։

Այո։ Այն կարող եք կորցնել, եթե 180 օրվա ընթացքում Պետական եկամուտների կոմիտեի տվյալներում բիզնեսի հարկերը չեն երևում, կամ եթե կապիտալը հանվում է կամ նվազում է 1 000 000 ՀՀ դրամից՝ առանց ժամանակին կրկին ներդնելու։

Կարո՞ղ է բիզնես հիմքով կացությունը հանգեցնել մշտական կացության Հայաստանում։

Այո՝ նախորդ հինգ տարվա ընթացքում առնվազն երեք տարի ժամանակավոր կացությունից հետո։

Իրավական զգուշացում

Սույն հոդվածը հրապարակվել է բացառապես տեղեկատվական նպատակով և իրավական խորհրդատվություն չէ։ Այն արտացոլում է իրավական դաշտը 2026 թվականի նոյեմբերի 25-ի դրությամբ. ենթաօրենսդրական ակտերը և վարչական պրակտիկան դեռ զարգանում են։ Ցանկացած դիմումի ելքը կախված է դրա կոնկրետ հանգամանքներից, և ընթերցողները գործելուց առաջ պետք է իրենց իրավիճակին հարմարեցված խորհրդատվություն ստանան։ Retrieve Legal & Tax-ը պատասխանատվություն չի կրում սույն հոդվածի հիման վրա կատարված գործողությունների համար։

Թեգեր:#Ներգաղթ
Կապ մեզ հետ