
| Մելինե Նադարյան, Իրավաբան | Լարիսա Պետրոսյան, Իրավաբան |
Ընդհանուր տեղեկություններ
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա քաղաքացիներին կացության կարգավիճակ տրամադրելու ընթացակարգերը, դրանց հետ կապված վարչական վարույթները և աշխատանքի թույլտվության գործընթացը տեղափոխվել են միասնական էլեկտրոնային հարթակ։
Համակարգը՝ Կացության գործերի կառավարման նոր էլեկտրոնային համակարգ (MCS Permits)
Հարթակ՝ https://mcs-permits.am
Կարևոր անցումային դրույթ՝ 2026 թվականի նոյեմբերի 1-ից առաջ ներկայացված դիմումները կշարունակեն քննարկվել նախկին կարգավորումների համաձայն։ Մինչ այդ ամսաթիվը տրված կացության կարգավիճակները մնում են գործող մինչև իրենց ժամկետի ավարտը։
Դիմորդները և գործատուները կարող են շարունակել հետևել նախկինում ներկայացված դիմումների կարգավիճակին՝ մուտք գործելով իրենց անձնական կամ գործատուի հաշիվ նախկին հարթակում՝ https://workpermit.am/։ Սա նշանակում է, որ ընթացքի մեջ գտնվող դիմումները կշարունակեն մշակվել հին հարթակի միջոցով, և բոլոր ծանուցումները կուղարկվեն հին համակարգով։ Հնարավոր կլինի միայն չեղարկել սպասման մեջ գտնվող դիմումները և ստանալ ՀԾՀ (Հանրային ծառայությունների համարանիշ)։
Աշխատանքային մուտքի վիզա
Հայաստանում աշխատելու նպատակով ժամանակավոր կացության կարգավիճակ ստանալ ցանկացող օտարերկրյա քաղաքացիները Հայաստան մուտք գործելուց առաջ պետք է ստանան աշխատանքային մուտքի վիզա, եթե Հայաստանի օրենսդրությամբ ազատված չեն վիզայի պահանջից։ Աշխատանքի թույլտվության դիմումը հնարավոր չէ ներկայացնել, քանի դեռ օտարերկրյա աշխատողը գտնվում է Հայաստանից դուրս։
Աշխատանքային մուտքի վիզան՝
- գործում է մինչև 120 օր,
- տրվում է մեկանգամյա կամ բազմակի մուտքի իրավունքով,
- երկարաձգման ենթակա չէ,
- տրվում է օրացուցային տարվա ընթացքում միայն մեկ անգամ։
Վիզան թույլ է տալիս օտարերկրյա քաղաքացուն մուտք գործել Հայաստան, զբաղվել կարճաժամկետ աշխատանքով, դիմել ժամանակավոր կացության կարգավիճակի համար կամ ստանալ կացության քարտ։
Նշում՝ Վիզայի պահանջը պետք է գնահատվի յուրաքանչյուրի դեպքում առանձին՝ ելնելով աշխատողի քաղաքացիությունից և վիզայի պահանջից ազատման կիրառելի դրույթներից։
Տարեկան քվոտաներ
2026 թվականի նոյեմբերի 1-ից Հայաստանի օրենսդրությամբ ներդրվել է կացության կարգավիճակների տարեկան քվոտաների նոր համակարգ։
Քվոտան այն առավելագույն թվով կացության թույլտվություններն են, որոնք Հայաստանի Կառավարությունը թույլատրում է մեկ տարվա ընթացքում։ Կացության կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու մասին որոշում կայացնելիս Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաշվի է առնում տվյալ տարվա համար սահմանված քվոտան։
Առայժմ դեռ ուժի մեջ չի մտել Կառավարության որոշումը քվոտաների վերաբերյալ։
Կազմակերպության գրանցում
Կազմակերպություն գրանցելուց առաջ անհրաժեշտ է համոզվել, որ՝
- տնօրենի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) տեսանելի է Պետական ռեգիստրում,
- տնօրենն ունի էլեկտրոնային ստորագրություն, որը հնարավոր է ստանալ հեռահաղորդակցության ընկերություններից (Յուքոմ, Թիմ տելեկոմ, Վիվա)
- տնօրենը կարող է անցնել հարթակի կողմից պահանջվող անձի նույնականացման խիստ ընթացակարգը։
Կարևոր է՝ Եթե տնօրենը չի կարողանում անցնել նույնականացումը կամ նրա ՀԾՀ-ն արտացոլված չէ Պետական ռեգիստրում, ապա համապատասխան տվյալները նախ պետք է ուղղվեն իրավասու մարմնում։ Մինչ այդ անհամապատասխանությունների վերացումը, կազմակերպության գրանցումը կարող է անհնար լինել։
Օտարերկրյա աշխատողի գրանցում
Նախապես անհրաժեշտ է պատրաստել հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները՝
- վավեր անձնագիր,
- անձնագրի գունավոր պատճեն,
- աշխատողի էլեկտրոնային փոստի հասցե,
- 3×4 չափի լուսանկար։
Կարևոր նշում
Օտար լեզվով բոլոր փաստաթղթերը պետք է պատշաճ կերպով վավերացվեն գործող իրավական պահանջներին համապատասխան և կցվեն հայերեն թարգմանությամբ՝ նոտարական կարգով վավերացված կամ, անհրաժեշտության դեպքում, հյուպատոսության կողմից հաստատված։ Այս պահանջը վերաբերում է նաև անձնագրի թարգմանություններին։
Ինչպես նախկին Workpermit համակարգում, գործատուն պետք է ներկայացնի աշխատանքի հետ կապված հետևյալ տեղեկությունները՝
- աշխատողի պաշտոնը,
- աշխատանքային պարտականությունները,
- աշխատավարձը,
- աշխատաժամանակը,
- աշխատանքի սկսման ամսաթիվը։
Աշխատողի անձնական հաշվի ակտիվացում
Աշխատանքի թույլտվության դիմումը ստեղծելուց հետո համակարգում գրանցված աշխատողի էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկվում է հաստատման նամակ։
Աշխատողը պետք է՝
- ստանա էլեկտրոնային նամակ,
- բացի նամակում նշված հղումը,
- անցնի հարթակի կողմից պահանջվող անձի նույնականացման կամ դեմքի ճանաչման ընթացակարգը,
- ստեղծի գաղտնաբառ,
- ակտիվացնի իր անձնական հաշիվը։
Կարևոր է՝ աշխատողի էլեկտրոնային փոստի հասցեն պետք է լինի վավեր և հասանելի, քանի որ համակարգի ծանուցումները և անձնական հաշվի ակտիվացման հղումը ուղարկվելու են հենց այդ հասցեին։
Պետական տուրք
Դիմումը ստեղծելուց հետո պետք է վճարվի համապատասխան պետական տուրք՝ e-payments.am հարթակի միջոցով։
Ժամանակավոր կացության քարտի համար պետական տուրքը կազմում է 150,000 ՀՀ դրամ։
Վճարումը էլեկտրոնային վճարային համակարգով կարող է կատարել՝
- գործատու կազմակերպությունը՝ իր հաշվից, կամ
- օտարերկրյա աշխատողը՝ իր անձնական հաշվից։
Քննարկման ժամկետները և լրացուցիչ փաստաթղթերի պահանջը
Նոր համակարգում կացության կարգավիճակ տրամադրելու կամ մերժելու մասին որոշումը, որպես կանոն, կայացվում է դիմումը ներկայացնելու օրվանից հետո 30 օրվա ընթացքում։
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը կարող է պահանջել լրացուցիչ փաստաթղթեր կամ տեղեկություններ, եթե ներկայացված փաստաթղթերում հայտնաբերվում են անհամապատասխանություններ կամ անհրաժեշտ է լրացուցիչ ուսումնասիրություն։
Նման ծանուցում ստանալուց հետո պահանջվող գործողությունները պետք է կատարվեն հինգ օրվա ընթացքում։ Հակառակ դեպքում վարչական վարույթը ավտոմատ կերպով կկասեցվի։ Մյուս ժամկետները չեն փոխվել։
Կացության քարտի տրամադրում և ստացում
Կացության կարգավիճակ տրամադրելու մասին դիմումի վերաբերյալ դրական որոշում ստանալուց հետո դիմորդը պետք է անցնի կացության քարտի տրամադրման գործընթացը։
Կացության քարտը ստանալու համար դիմորդի անձնական ներկայությունը պարտադիր է։
Դիմորդը պետք է անձամբ ներկայանա իրավասու մարմին՝
- մատնահետք հանձնելու,
- էլեկտրոնային ստորագրության նմուշ ներկայացնելու,
- իր ինքնությունը հաստատելու և կացության քարտը ստանալու համար։
Կարևոր նշում
Համակարգը գործարկվել է վերջերս, և որոշ մանրամասներ դեռ չեն պարզաբանվել կամ հանրությանը հասանելի չեն դարձել։ Ուստի սույն ուղեցույցը դեռևս ամբողջական չէ և չի պարունակում բոլոր հարցերի պատասխանները։
