3 դեկտեմբերի, 2024 թ. 4 րոպե

Իրավական պաշտպանության մեխանիզմները թշնամական յուրացումների ժամանակ. տարբեր իրավազորությունների համեմատական վերլուծություն

Legal safeguards

Կորպորատիվ իշխանական պայքարի աշխարհում թշնամական յուրացումները լուրջ սպառնալիք են ներկայացնում բաժնետերերի շահերի կայունության և արդարացիության համար։ Այս իրավաբանական հոդվածում քննարկվում են բարդ իրավական մեխանիզմները, որոնք մշակվել են փոքրամասնություն կազմող բաժնետերերին թշնամական յուրացումների փորձերից պաշտպանելու համար։ Հենվելով տարբեր իրավազորությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Հայաստանի իրական օրինակների վրա, մենք վերլուծում ենք գործող իրավական պաշտպանական մեխանիզմները։

Ի՞նչ է թշնամական յուրացումը

Թշնամական յուրացումները ագրեսիվ փորձեր են, որոնց միջոցով արտաքին սուբյեկտները ձգտում են ձեռք բերել ընկերության նկատմամբ վերահսկողություն՝ առանց նրա ղեկավարության կամ խորհրդի համաձայնության։ Սա հասկանալի դարձնելու համար դիտարկենք 2014թ. Ֆայզերի  կողմից Աստրա Զենեկայի յուրացման հայտնի փորձը։ Այս իրական դեպքում Ֆայզերը ձգտում էր ձեռք բերել բրիտանական դեղագործական հսկային՝ վերջինիս կամքին հակառակ։ Բրիտանիայի Յուրացումների հանձնաժողովը (UK Takeover Panel) կարևոր դեր խաղաց արդար և թափանցիկ գործընթաց ապահովելու գործում՝ ընդգծելով իրավական դաշտի կարևորությունը՝ փոքրամասնություն կազմող բաժնետերերին անցանկալի յուրացումներից պաշտպանելու հարցում։

Թշնամական յուրացումների դեմ պաշտպանության մեխանիզմները ԱՄՆ-ում

ԱՄՆ-ում իրավական մեխանիզմների մի ամբողջ համակարգ պաշտպանում է փոքրամասնություն կազմող բաժնետերերին թշնամական յուրացումների հարձակումներից։ Ցայտուն օրինակ է Էյրգաս ընկերության գործը, որը հաջողությամբ հետ մղեց Էյր Պրոդուկտի կողմից ներկայացված թշնամական առաջարկը։ Էյրգասը կիրառեց «թունավոր հաբի» ռազմավարությունը՝ բաժնետերերին տալով զեղչված գնով լրացուցիչ բաժնետոմսեր ձեռք բերելու հնարավորություն, ինչը արդյունավետորեն նվազեցրեց թշնամական գնորդի բաժնեմասը և ձախողեց յուրացման փորձը։

Թշնամական յուրացումներից պաշտպանությունը Եվրոպայում

Թշնամական յուրացումների դեպքում Եվրոպան առաջարկում է փոքրամասնություն կազմող բաժնետերերի պաշտպանության բազմազան մեխանիզմներ։ 2016թ. Չինական ընկերության կողմից գերմանական Այքսթրոն ընկերության թշնամական յուրացման փորձը մտահոգություն առաջացրեց կրիտիկական տեխնոլոգիաների պաշտպանության վերաբերյալ։ Գերմանիայի իշխանությունները՝ օգտագործելով իրենց կարգավորող լիազորությունները, միջամտեցին և արգելափակեցին գործարքը՝ ցուցադրելով ազգային կարգավորումների կարևորությունը ռազմավարական ակտիվների պաշտպանության հարցում։

Թշնամական յուրացումների վերաբերյալ օրենսդրությունը Հայաստանում

Հայաստանի զարգացող տնտեսության համատեքստում թշնամական յուրացումներն ունեն յուրահատուկ մարտահրավերներ։ Հայաստանի հեռահաղորդակցության օպերատոր Արմենթելի ձեռքբերումը Վիմպելքոմի կողմից լավ օրինակ է հանդիսանում։ Հայաստանի կարգավորող մարմինները ապահովեցին փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերի պաշտպանությունը ձեռքբերման ընթացքում՝ ցուցադրելով իրավական մեխանիզմների դերը արդարացիության և թափանցիկության պահպանման հարցում։ Շահառու սեփականության կառուցվածքների ընկալումը նույնպես կարևոր նշանակություն ունի թշնամական յուրացման փորձերի գնահատման համար. Հայաստանում շահառու և վերջնական շահառու սեփականատերերի բացահայտման պահանջների ամբողջական ակնարկի համար տե՛ս ՀՀ-ում ԲՍ և ՎԲՍ կարգավորումների վերաբերյալ մեր ուղեցույցը։

Իրավական մեխանիզմների համեմատական վերլուծություն. ԱՄՆ, Եվրոպա և Հայաստան

1. «Թունավոր հաբեր» և բաժնետերերի իրավունքների պաշտպանության ծրագրեր. Թշնամական յուրացումները զսպելու համարԱՄՆ-ն ունի «թունավոր հաբերի» և բաժնետերերի իրավունքների պաշտպանության ծրագրերի կիրառման երկարամյա պատմություն։ Էյրգասի գործը ցույց է տալիս այս մեխանիզմի արդյունավետությունը։ Եվրոպայում ռազմավարական ակտիվների պաշտպանության հարցում կարևոր դեր է խաղում կարգավորող միջամտությունը, ինչպես երևում է Այքսթրոնի գործից։

2. Քվեարկության մեխանիզմներ և բացահայտման պահանջներ. ԱՄՆ-ում բաժնետերերի ակտիվությանը նպաստում են ամուր քվեարկության մեխանիզմները և խիստ բացահայտման պահանջները։ Եվրոպայում կարգավորող մարմիններն ակտիվորեն ներգրավված են ազգային շահերի պաշտպանության գործում։ Հայաստանի իրավական դաշտն իր հերթին ընդգծում է փոքրամասնություն կազմող բաժնետերերի ձայնի կարևորությունը՝ անհամաձայնության իրավունքի միջոցով։ Հայաստանում փոքրամասնության բաժնետերերի համար ամենաարդյունավետ կանխարգելիչ գործիքներից մեկը լավ մշակված բաժնետերերի համաձայնագիրն է, որը ներառում է քվեարկության շեմերը, փոխանցման սահմանափակումները և համատեղ օգտագործման իրավունքները, որոնք պաշտպանում են թշնամական մոտեցման իրականացումից առաջ։ Ավելին՝ Հայաստանում բաժնետերերի համաձայնագրերի վերաբերյալ մեր ուղեցույցում։

3. Դուրս գալու հնարավորություններ և արդար գնահատում. Հայաստանը հնարավորություններ է ընձեռում դուրս գալու, ինչպես նաև առաջարկում է արդար գնահատման տարբերակներ այն փոքրամասնություն կազմող բաժնետերերի համար, որոնք բախվում են թշնամական կլանման։ Ի հակադրություն սրան՝ ԱՄՆ-ն ու Եվրոպան հաճախ հենվում են պաշտպանական մեխանիզմների վրա՝ ուղղված յուրացումը կանխելուն, այլ ոչ թե հստակ սահմանված դուրս գալու տարբերակների տրամադրմանը։

Թշնամական յուրացումները իրենցից ներկայացնում են բարդ ոլորտ, որտեղ կորպորատիվ դինամիկան հատվում է իրավական դաշտի հետ։ Սահմանվելով որպես առանց խորհրդի համաձայնության, վերահսկողություն ձեռք բերելու ագրեսիվ փորձեր՝ նման յուրացումները ընդգծում են հուսալի իրավական պաշտպանական մեխանիզմների անհրաժեշտությունը։ ԱՄՆ-ի, Եվրոպայի և Հայաստանի իրական օրինակները ցուցադրում են իրավական մեխանիզմների կարևոր դերը՝ փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերի պաշտպանության հարցում։ Այս պաշտպանական մեխանիզմներում կողմնորոշվելով՝ փոքրամասնություն կազմող բաժնետերերն իրենց տրամադրության տակ ունեն կոնկրետ իրավական գործիքներ՝ կորպորատիվ կառուցվածքում իրենց բաժնեմասը պաշտպանելու համար։ Այնուամենայնիվ, այս միջոցների արդյունավետությունը ուղղակիորեն կախված է նուրբ հավասարակշռություն գտնելուց, որն ապահովում է արդարացիություն և թափանցիկություն՝ չսահմանափակելով կորպորատիվ շուկաների դինամիզմը։

Ինչպես կարող ենք օգնել Հայաստանում թշնամական յուրացումների դեմ պաշտպանության հարցում

Հայաստանի իրավական դաշտի և միջազգային ստանդարտների խորը ընկալման հիման վրա մենք առաջարկում ենք անհատականացված լուծումներ՝ փոքրամասնություն կազմող բաժնետերերի շահերը պաշտպանելու համար։ Հայատանում մեր մատուցած կորպորատիվ իրավաբանական ծառայությունները հենվում են հարուստ գործնական փորձի վրա՝ անկախ նրանից ագրեսիվ կլանման փորձերի դեմ ռազմավարությունների մշակում, կարգավորող պահանջների պահպանման ապահովում, թե արդար գնահատման գործընթացների իրականացում է դա։

Ավելին, Հայաստանը, ինչպես շատ այլ իրավազորություններ, ունի հակամրցակցային խիստ կարգավորումներ՝ արդար գործարար գործելակերպն ապահովելու համար։ Յուրացման փորձերի ընթացքում այս օրենքները կարևոր դեր են խաղում մրցակցային միջավայրի գնահատման, մենաշնորհային վարքագծի կանխարգելման և բոլոր շահագրգիռ կողմերի շահերի պաշտպանության հարցում։

 Հայաստանում գործող մեր իրավաբանական ընկերությունը պատրաստ է ուղեկցել հաճախորդներին համապատասխանության ապահովման բարդություններում։ Կարևոր է նաև հասկանալ, թե ինչպես են պայմանագրերն ու բաժնետերերի իրավունքները կիրարկվում հայաստանյան դատարաններում և արբիտրաժում. այս մասին տե՛ս Հայաստանում պայմանագրերի կիրարկման վերաբերյալ մեր ուղեցույցը՝ դատարաններ, արբիտրաժ և գործնական ռիսկեր։

Կապ մեզ հետ