
Նախքան ՀՀ այցելելը կարևոր է նախապես ծանոթանալ ՀՀ մուտքի վիզայի կանոններին և իրավական կարգավորումներին։
Ո՞րն է ՀՀ մուտքի վիզան․
ՀՀ մուտքի վիզան Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի թույլտվություն է, որն օտարերկրացուն իրավունք է տալիս մուտք գործելու Հայաստանի Հանրապետություն, տարանցիկ երթևեկելու Հայաստանի Հանրապետության տարածքով, գտնվելու Հայաստանի Հանրապետությունում և դուրս գալու Հայաստանի Հանրապետությունից` դրանում նշված նպատակներով, պայմաններով և ժամկետներում։
Ոլորտը կարգավորող իրավական ակտերը․
Հայաստանի Հանրապետության մուտքի, ելքի և օտարերկրյա քաղաքացիների կեցության իրավական հիմքերը կարգավորվում են ներգաղթի և մուտքի վերաբերյալ ազգային օրենսդրությամբ, ինչպես նաև Հայաստանի կողմից կնքված միջազգային համաձայնագրերով, մասնավորապես՝
Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքով,
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքով,
ՀՀ կառավարության՝ 2007 թվականի N1268-Ն որոշումամբ,
մի շարք երկկողմ և բազմակողմ պայմանագրերով։
ՀՀ մուտքի վիզայի տեսակները․
ՀՀ-ում գործում են մուտքի վիզաների հետևյալ տեսակները ըստ Օտարերկրացիների մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի․
1․այցելության մուտքի վիզա
2.պաշտոնական մուտքի վիզա` պաշտոնական (ծառայողական) անձնագիր կրող անձանց համար,
3.դիվանագիտական մուտքի վիզա` դիվանագիտական անձնագիր կրող կամ դիվանագիտական կարգավիճակ ունեցող անձանց համար`
4.տարանցիկ մուտքի վիզա` Հայաստանի Հանրապետության տարածքով օդային կամ ցամաքային տրանսպորտով երթևեկողների համար մեկ մուտքի կամ մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար` մինչև 3 օր գտնվելու ժամկետով` առավելագույնը մինչև 4 օր երկարաձգելու հնարավորությամբ:
Բիզնես և զբոսաշրջային վիզա․
Այցելության վիզան ի թիվս այլնի իր մեջ ներառում է նաև բիզնես և տուրիստական վիզաները՝ զբոսաշրջության (հանգստի), գործարար բանակցություններին մասնակցելու, աշխատանքային գործունեություն կատարելու, տնտեսական գործունեություն ծավալելու (առևտրային կազմակերպություն հիմնադրելու, օտարերկրյա պետության առևտրային կազմակերպության մասնաճյուղ կամ ներկայացուցչություն հիմնադրելու, Հայաստանի Հանրապետությունում ներդրում կատարելու, ապրանքների և ծառայությունների ներմուծում և արտահանում իրականացնելու) նպատակով այցելության համար` մեկանգամյա մուտքի կամ մինչև մեկ տարի վավերականության ժամկետով բազմակի մուտքի համար։
Ո՞ր պետությունների քաղաքացիներն է ազատված մուտքի վիզայից․
Հետևյալ հղումով կարող եք գտնել այն երկրների ցանկը, որոնց քաղաքացիները միակողմանիորեն ազատված են ՀՀ մուտքի արտոնագրի ձեռքբերման պահանջից:
Հետևյալ հղումով կարող եք գտնել այն երկրների ցանկը, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը ունի առանց վիզայի մուտքի ռեժիմ` երկկողմ կամ բազմակողմ պայմանագրերի հիման վրա:
Եթե անձը հետևյալ երկրներից որևէ մեկի քաղաքացի չէ, ապա անկախ անձնագրի տեսակից (դիվանագիտական, ծառայողական, համաքաղաքացիական կամ ճամփորդական փաստաթուղթ), ինչպես նաև ՄԱԿ-ի անցագիր կրողները, չեն ազատվում ՀՀ մուտքի վիզա ստանալու պահանջից:
Որքա՞ն ժամանակ օտարերկրացիները կարող են մնալ ՀՀ-ում․
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու առանց մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում, եթե ՀՀ միջազգային պայմանագրերով այլ ժամկետ սահմանված չէ:
Այն պետությունների քաղաքացիները, որոնց համար սահմանված է ՀՀ ժամանելու մուտքի վիզայի ռեժիմ, ՀՀ-ում կարող են գտնվել մինչև 120 օր ժամկետով` առավելագույնը մինչև 60 օր ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ, եթե օրենքով կամ ՀՀ միջազգային պայմանագրերով այլ բան նախատեսված չէ:
ՀՀ մուտքի վիզաները երկարաձգվում են միայն ՀՀ տարածքում՝ կախված վիզայի տեսակից համապատասխան մարմին դիմելով:
Հայաստանի Հանրապետության մուտքի վիզա ստանալու համար օտարերկրացիներից գանձվում է պետական տուրք` «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և չափով:
Վիզայի ժամանակավոր ազատականացում․
Աշխարհի 111 երկրների այն քաղաքացիների համար, ովքեր ունեն Ամերիկայի Միացյալ Նահանգների, Եվրոպական միության երկրների, Շենգենյան համաձայնագրի երկրների, Արաբական Միացյալ Էմիրությունների, Բահրեյնի Թագավորության, Կատարի Պետության, Սաուդյան Արաբիայի Թագավորության, Քուվեյթի Պետության կամ Օմանի Սուլթանության կացության կարգավիճակ, որի վավերականությունը Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու օրվանից առնվազն վեց ամիս է՝ 2026թ. հուլիսի 1-ից մինչև 2027թ. հուլիսի 1-ը սահմանվել է առանց մուտքի վիզայի ռեժիմ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր ժամկետով գտնվելու իրավունքով:
Ինչպե՞ս ստանալ Հայաստան մուտք գործելու վիզա կամ E-VISA.
Որոշ երկրների կողմից տրված անձնագիր կամ ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք կարող են ՀՀ մուտքի վիզա ստանալ առցանց՝ E-VISA համակարգի միջոցով (այց ամրագրելու համար մուտք գործել Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջ)։ Այն անձինք, որոնք այդ 73 երկրներից չեն, մուտքի վիզա ստանալու համար պետք է ֆիզիկապես դիմեն իրենց երկրի ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ։
E-VISA ստանալու համար Էլեկտրոնային վիզաների համակարգում անհրաժեշտ է՝
- լրացնել առցանց դիմում-հարցաթերթիկը,
- կցել անձնագիրը (կամ ճամփորդական փաստաթուղթը),
- կցել լուսանկարը,
- կատարել պետական տուրքի վճարումը
- ներկայացնել նաև լրացուցիչ փաստաթղթեր, եթե այդպիսիք կան։
E-VISA-ն տրամադրվում է 3 աշխատանքային օրում։ 2026 թվականի դրությամբ էլեկտրոնային համակարգը նախատեսում է կարճաժամկետ (21 օր) և երկարաժամկետ (120 օր) այցերի տարբերակներ՝ կախված այցի նպատակից և իրավասությունից։
Եզրակացություն․
Հայաստանի Հանրապետության վիզային համակարգը շարունակում է զարգանալ՝ նպատակ ունենալով հեշտացնել օտարերկրացիների մուտքը Հայաստանի Հանրապետություն, որի օրինակն է վիզայի ժամանակավոր ազատականացման ռեժիմը։
Բիզնես, զբոսաշրջային և էլեկտրոնային վիզաների միջև տարբերությունների ճիշտ ընկալումը թույլ է տալիս ճանապարհորդներին և կազմակերպություններին նվազեցնել բոլոր հնարավոր իրավական ռիսկերը և արդյունավետ կազմակերպել իրենց այցը Հայաստան։
