Գլխավոր
Ծառայություններ
Մեր թիմըԲլոգԻրավական նորություններԿապ
Վերադառնալ բլոգ
3 դեկտեմբերի, 2024 թ. 4 րոպե

Անբարեխիղճ մրցակցությունը և դրա դրսևորումները

Անբարեխիղճ մրցակցությունը և դրա դրսևորումները

Սույն հոդվածի շրջանակներում կուսումնասիրենք, թե ինչ է անբարեխիղճ մրցակցությունը և թե տնտեսվարողի ինչպիսի վարքագիծը կարող է դիտարկվել որպես անբարեխիղճ մրցակցության դրսևորում: Հոդվածն ավելի պատկերավոր դարձնելու համար՝ կուսումնասիրենք նաև անբարեխիղճ մրցակցության դրսևորման վերջին դեպքերից մեկը, ըստ որի ՀՀ մրցակցության պաշտպանության հանձնաժողովը վերջերս վարույթ էր հարուցել մի ընկերության նկատմամբ, որը բախվեց անբարեխիղճ մրցակցության, այդ թվում՝ հասարակության մոլորեցման ղրսևորմամբ անբարեխիղճ մրցակցության մեղադրանքին: Առաջնային մեղադրանքը ուղղված էր ապրանքի ծագման և որակի վերաբերյալ հանրությանը մոլորեցնելուն՝ «Fetta» և «Fetu» ապրանքների աշխարհագրական ծագման կապակցությամբ։

Ի՞նչ է անբարեխիղճ մրցակցությունը:

Անբարեխիղճ մրցակցությունը օրենքով արգելված է: «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի համաձայն՝ անբարեխիղճ մրցակցություն է համարվում տնտեսավարող սուբյեկտի ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է սույն օրենքին, այլ օրենքներին, նորմատիվ իրավական ակտերին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է տնտեսավարող սուբյեկտների միջև կամ վերջիններիս ու սպառողների կամ ձեռք բերողների միջև բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության և (կամ) անաչառության սկզբունքները։

Այսինքն, անբարեխիղճ մրցակցությունը վերաբերում է ընկերությունների կողմից կիրառվող գործելաոճին՝ մրցակիցների նկատմամբ անարդար առավելություն ստանալու համար: Այս գործելակերպերը կարող են շատ տարբեր լինել և կարող են ներառել կեղծ գովազդը, ապրանքանիշի խախտում, սպառողներին ապրանքի որակի կամ ծագման վերաբերյալ ապակողմնորոշում, զրպարտություն և առևտրային գաղտնիքների գողություն և այլն: Անբարեխիղճ մրցակցությունը կարող է վնասել բիզնեսին՝ քայքայելով սպառողների վստահությունը և վնասելով ընկերության հեղինակությունը:

Ինչպե՞ս է դրսևորվում հասարակությանը մոլորեցնելու հիմքով անբարեխիղճ մրցակցությունը:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի համաձայն հասարակության մոլորեցման դրսևորումներ են հանդիսանում՝

  • ցանկացած վարքագիծ, որը մոլորեցնում է կամ կարող է մոլորեցնել հասարակությանը տնտեսավարող սուբյեկտի, նրա գործունեության կամ առաջարկած ապրանքների բնութագրերի կամ պայմանների վերաբերյալ,
  • ապրանքների որակն անհիմն չափազանցնելը կամ որակի, քանակի կամ այլ բնութագրերի կամ ապրանքների ձեռքբերման կամ իրացման վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն չհիշատակելը կամ տեղեկատվությունն այն ձևով ներկայացնելը, որը կարող է հանգեցնել թյուր տպավորության ստեղծման,
  • գովազդի մեջ կամ իրացման ընթացքում թերի կամ կեղծ կամ ոչ լիարժեք տվյալների ներկայացումը, որը սպառողին հնարավորություն չի տալիս ամբողջական պատկերացում կազմելու իրացվող կամ գովազդվող ապրանքի կամ տնտեսավարող սուբյեկտի վերաբերյալ,
  • անբարեխիղճ կամ հակաօրինական կամ հավաստիության կամ պատշաճության խախտմամբ իրականացվող գովազդները, որոնք կարող են կանխել, սահմանափակել կամ արգելել տնտեսական մրցակցությունը կամ վնասել սպառողների շահերը

Ինչպե՞ս է դրսևորվել վերը հիշատակված տնտեսվարողի իրավախախտումը:

Վերոնշյալ գործով ՄՊՀ-ի հարուցած վարույթի ընթացքում «Fetta» և «Fetu» ապրանքների աշխարհագրական ծագման չարտոնված օգտագործումամբ ընկերությունը դրսևորել է անբարեխիղճ մրցակցություն, քանի որ սպառողների մոտ առաջացրել է թյուր կարծիք պանրի՝ համանուն աշխարհագրական տարածքում արտադրված լինելու վերաբերյալ, մինչդեռ իրականում այդ պանիրների ծագման վայրը Ֆետան չի եղել:

Հանրությանը մոլորեցնելը, ինչպես սահմանված է օրենքով, ներառում է գործողություններ, որոնք կեղծ տպավորություններ են ստեղծում ապրանքի կամ դրա բնութագրերի մասին, տարածում համապատասխան տեղեկատվությունը կամ ներգրավվում են անօրինական գովազդային պրակտիկաների մեջ: Ավելին, պաշտպանված մտավոր սեփականության, այդ թվում՝ աշխարհագրական նշումների չարտոնված օգտագործումը համարվում է անբարեխիղճ մրցակցություն։

Հայաստանի և Եվրամիության միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագրում կարևորվել է աշխարհագրական նշումների պաշտպանությունը, ինչպիսին է «Ֆետա» պանիրը։ Համաձայնագիրը արգելում է պաշտպանված անվանումների ցանկացած ուղղակի կամ անուղղակի առևտրային օգտագործում, որը չի համապատասխանում ապրանքի բնութագրերին կամ սպառողներին մոլորեցնում է ապրանքի ծագման  վայրի վերաբերյալ:

Ինչպե՞ս կարող է բիզնեսը զերծ մնալ հակամրցակցային գործունեություն ծավալելուց և հնարավոր պատասխանատվությունից․

Իրավական աուդիտ/մանրակրկիտ ուսումնասիրություն (due diligence)

Բիզնեսները պետք է իրականացնեն համապարփակ ուսումնասիրություն՝ ապահովելու համապատասխանությունը ներքին օրենքներին և միջազգային համաձայնագրերին: Սա ներառում է արտադրանքի ներկայացումների ճշգրտության ստուգում և մտավոր սեփականության իրավունքների պահպանման ապահովում: Իրավական աուդիտի ժամանակ վեր են հանվում և կանխարգելվում եմ բոլոր հնարավոր խախտումները, որոնք հետագայում կարող են իրավական պատասխանատվության հանգեցնել:

Գործել կարգավորող օրենքների շրջանակներում

Ծանոթ լինելով արդար մրցակցության և մտավոր սեփականության իրավունքները կարգավորող իրավական նորմերին ինչպես ներքին, այնպես էլ միջազգային համատեքստում՝ ընկերությունը կարող է գործել դրանց շրջանակներում, զերծ մնալով իրավախախտումներից:

Մշտապես լինել տեղեկացված օրենքների նոր կարգավորումներին և փոփոխություններին

Մշտապես զարգացող և փոփոխվող տնտեսական հարաբերությունների պատճառով իրավական նորմերը հաճախ ենթարկվում են փոփոխությունների, որոնց համապատասխանությունը վճռական է դառնում բիզնեսների համար: Ուստի, բիզնեսի՝ իրավական նորմերի համապատասխանությունը շարունակական և մշտական գործընթաց է, որը թույլ կտա բիզնեսին օրենքներինհամապատասխանության ռիսկերը արդյունավետորեն մեղմել:

Retrieve Legal & Tax-ի փորձառու իրավաբանները կօգնեն ձեզ մշտապես առաջատար մնալ շուկայում՝ միաժամանակ համապատասխանելով օրենսդրական պահանջներին: Իրավական աուդիտների կատարմամբ և ռիսկերի վերհանմամբ մենք կարող ենք օգնել ռիսկերը հասցնել նվազագույնի՝ զերծ մնալով իրավական պատասխանատվությունից: Իրականացնելով մշտադիտարկում ձեր բիզնեսի նկատմամբ՝ մենք կօգնենք ձեզ մշտապես լինել տեղեկացված վերաբերելի իրավական փոփոխություններին և համապատասխանել դրանց՝ չխոչընդոտելով բիզնեսի զարգացումը, միաժամանակ խուսափելով ապակողմնորոշիչ կամ հակամրցակցային գործելակերպից:

Կապ մեզ հետ
Անբարեխիղճ մրցակցությունը և դրա դրսևորումները - Retrieve