
Ի՞նչ է պարտավորեցման հայցը։
Պարտավորեցման հայցը վարչական դատավարությունում առկա չորս հայցատեսակներից մեկն է: Այս հայցի էությունը վարչական մարմնին բարենպաստ վարչական ակտ ընդունելուն պարտավորեցնելն է:
Ի՞նչ է հնարավոր պահանջել պարտավորեցման հայցով։
Գործնականում շատ են դեպքերը, երբ վարչական մարմինները մերժում են անձանց բարենպաստ վարչական ակտ ընդունելու դիմումները: Բարենպաստ վարչական ակտն այն ակտն է, որի միջոցով վարչական մարմիններն անձանց տրամադրում են իրավունքներ կամ նրանց համար ստեղծում են իրավական կամ փաստացի դրությունը բարելավող ցանկացած այլ պայման։ Այսինքն՝ բարենպաստ վարչական ակտի ընդունման հետևանքը անձանց համար որևէ բարենպաստ արդյունքի առաջացումն է: Օրինակ՝ լիցենզիայի տրամադրման, սեփականության իրավունքի գրանցման ակտերը հանդիսանում են բարենպաստ վարչական ակտեր:
Հետևաբար, այն դեպքերում, անձը դիմել է վարչական մարմնին՝ որևէ բարենպաստ վարչական ակտ ընդունելու համար, սակայն վերջինս մերժել է, ապա նա կարող է այս հայցատեսակով վարչական մարմնից պահանջել ընդունել այդ բարենպաստ ակտը (ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 67-րդ հոդված):
Օրինակ՝ երբ վարչական մարմինը մերժել է լիցենզավորման ենթակա որևէ գործունեություն (ասենք՝ դեղատնային գործունեություն) իրականացնելու համար լիցենզիա տրամադրելու ձեր դիմումը, սակայն օրենքի պահանջներից ելնելով այն պետք է տրամադրվեր, ապա այս հայցատեսակով դուք կարող եք վարչական մարմնից պահանջել ընդունել լիցենզիայի տրամադրման վարչական ակտը:
Ո՞ր դատարան պետք է ներկայացնել պարտավորեցման հայցը:
Պարտավորեցման հայցը ենթակա է քննության ՀՀ վարչական դատարանում:
Որո՞նք են պարտավորեցման հայցի ներկայացման նախապայմանները։
Նախ, անհրաժեշտ է, որ անձը ունենա ՀՀ վաչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածով սահմանված՝ դատարան դիմելու իրավունք, այսինքն՝ խախտված լինի կամ խոչընդոտներ հարուցված լինի իր իրավունքների և ազատությունների իրականացման համար : Ապա, հայցվորը նախքան դատարան դիմելը պետք է այդ բարենպաստ ակտը ընդունելու պահանջով դիմած լինի վարչական մարմնին և մերժում ստացած լինի:
Ի՞նչ ժամկետներում է անհրաժեշտ ներկայացնել պարտավորեցման հայցը:
Պարտավորեցման հայցը կարող եք ներկայացնել վարչական մարմին բարենպաստ վարչական ակտ ընդունելու դիմում ներկայացնելուց և այդ ակտի ընդունումը մերժելու մասին իրազեկվելու պահից երկամսյա ժամկետում։
Ի՞նչ հետևանքներ են առաջանում պարտավորեցման հայցի բավարարման արդյունքում:
Եթե վարչական դատարանը բավարարում է պարտավորեցման հայցը, ապա վերջինս վարչական մարմնին պարտավորեցնում է ընդունել ակնկալվող վարչական ակտը։ Օրինակ՝ ապրանքային նշանի գրանցման համար դուք դիմել եք մտավոր սեփականության գործակալություն, սակայն վերջինս մերժել է ապրանքային նշանի գրանցումը: Պարտավորեցման հայցով վարչական դատարան դիմելու, հայցը բավարարվելու դեպքում դատարանը պարտավորեցնում է մտավոր սեփականության գրասենյակին ընդունել ապրանքային նշանի գրանցման բարենպաստ վարչական ակտը:
